Հաղթանակն ընտրություններում Լուկաշենկոյին էլ ավելի կթուլացնի. El País
Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ավելի քան քառորդ դար երկրում իշխանության գլխին գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոյի համար կդառնան ամենամեծ մարտահրավերը վերջին տասնամյակների ընթացքում: Այս մասին գրում է El País-ը:
Աղբյուրը նշում է, որ քչերը կասկածներ ունեին Լուկաշենկոյի հաղթանակի վերաբերյալ, սակայն սկանդալների և անխիղճ քաղաքական մանևրների ֆոնին Լուկաշենկոյի դիրքերն էլ ավելի կթուլանան:
Փորձագետներն ու դիտորդները, որոնք բացահայտում են ընտրակեղծիքները, կասկած չունեն, որ Լուկաշենկոն այսօր էլ ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար:
Բացի այդ, տնտեսական լճացման ֆոնին և բողոքի ակցիաների պայմաններում, որոնք թափ են հավաքում երկրների փողոցներում և հրապարակներում, Լուկաշենկոն հասկացել է, որ ինքը «առաջարկելու բան չունի»: Բելառուս առաջնորդը ստիպված է մանևրել` նախագահի պաշտոնը 6-րդ անգամ անընդմեջ պահելու համար:
Լուկաշենկոն պնդում է, որ «արտաքին ուժերը» փորձում են նրան հեռացնել իշխանությունից` այդպիսով թիրախավորելով Ռուսաստանին, չնայած որ տարիներով իր երկիրը անվանում էր «բուֆեր» Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Նախորդ երեքշաբթի Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկն ու Մոսկվան իրենց հարաբերություններում «եղբայրականից գործընկերայինի» են անցել: 1999 թվականից Ռուսաստանն ու Բելառուսը կապված են դաշնակցային համաձայնագրով: «Մինսկյան երկխոսություն» միջազգային հարաբերությունների Մինսկի խորհրդի ղեկավար Եվգենի Պրեյգերմանի խոսքերով՝ դա նշանակում է, որ Բելառուսը վաճառում է իր աշխարհաքաղաքական հավատարմությունը տարբեր տնտեսական շահերի դիմաց:
Աղբյուրը գրում է, որ այնուամենայնիվ, Ղրիմի «բռնակցումից» հետո ամեն ինչ փոխվել է: Ռուսաստանը սկսեց պնդել դաշինքի ընդլայնման և երկու պետությունների «միաձուլման» վերաբերյալ: Այդ ժամանակ Լուկաշենկոն հրաժարվեց երկարաձգել դաշինքի պայմանները, Մոսկվան էլ սառեցրեց շահավետ համաձայնությունները, որոնք Բելառուսին` այդ թվում էժան նավթ էին երաշխավորում, որը հետո երկիրը վաճառում էր արևմուտքին:
Այդ ժամանակ բելառուս առաջնորդը սկսց «խաղեր տալ» ԱՄՆ-ի հետ: Փետրվարին Մայք Պոմպեոն այցելեց Մինսկ, ինչը դարձավ ավելի քան 25 տարվա մեջ ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցը Բելառուս: Դրանից ոչ շատ վաղ 12 տարվա մեջ առաջին անգամ երկրները դեսպաններով փոխանակվեցին: Իսկ մայիսին սկսվեց ամերիկյան նավթի մատակարարումը Բելառուսին: Սակայն կորոնավիրուսը երկիր մտնելն ու դրա նկատմամբ վատ հսկողությունը դարձավ «վերջին կաթիլը» բելառուսների համար, որոնք հոգնել էին «բռնաճնշումներից և մարդու իրավունքների բազմամյա խախտումներից», ինչպես նաև տնտեսության մեջ բարելավման բացակայությունից:
Բելառուսը այն քիչ երկրներից էր, որը չփակեց իր սահմանները և քայլեր չձեռնարկեց կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Բնակիչների դժգոհությունը ուժեղացրեց ընդդիմությանը և այս ընտրությունները երկրի համար «պատմական պահ» դարձրեց: Միևնույն ժամանակ փակուղում հայտնված Լուկաշենկոն շարունակում էր իր «անխիղճ բռնաճնշումների» քաղաքականությունը: Բացի այդ, նախագահը շարունակում է չկատարվող խոստումներ տալ: Չնայած բնակիչների միջին աշխատավարձը և առհասարակ տնտեսական ցուցանիշները բարձրացնելու խոստմանը, վերլուծաբանները պնդում են, որ երկրի տնտեսությունը գնալով կրճատվում է: Կառավարությունը աշխատում է զարգացնել միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
«Այսօր այս երկրում կարելի է լավ ապրել միայն այն դեպքում, երբ քեզ չի հետաքրքրում քաղաքականությունը, եթե աչք ես փակում ամեն բանի վրա, ինչ կատարվում է և աշխատում ես նոր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասել է հրատարակության հետ զրույցում Աննա անվամբ գովազդային խորհրդատուն Մինսկից, որը չի ցանկացել բացահայտել իր անձը` բռնաճնշումներից խուսափելու համար:
Չնայած նրան, որ Բելառուսում ամենահարուստների և ամենաաղքատների միջև տարբերությունը այնքան վառ ընդգծված չէ, ինչպես հետխորհրդային երկրներից շատերում, այստեղ քաղաքացիների միջին աշխատավարձը չի բարձրացել 2010 թվականից, ինչը նպաստում է գնողունակության անկմանը: Միևնույն ժամանակ, երկիրը շատ ոլորտներում շարունակում է մնալ Ռուսաստանի ձեռքում, որը օգտվեց ընդմիջումից` հասկանալով, որ Լուկաշենկոն այս ընտրություններից ավելի թույլ դուրս կգա:
Կարծիքներ