Կայացել է անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը

Կայացել է անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը

Հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան հունիսի 16-ին լրացած 100-ամյակի կապակցությամբ մեկնարկել են հոբելյանական մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հունիսի 16-ին Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Ղուկաս Չուբարյանի 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի որդի Գրիգոր Չուբարյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:


 «2023 թվականի հունիսի 16-ին շրջանառության մեջ դրված 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանը (1923-2009 թթ.)՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը ստեղծելիս: Նամականիշի վրա նաև պատկերված է 100 թիվը, որը խորհրդանշում է Ղուկաս Չուբարյանի հարյուրամյա հոբելյանը, ինչպես նաև՝ «Ղուկաս Չուբարյան» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը, 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Ռեմ Սահակյանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ըստ աղբյուրի՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում, նամականիշի մարման արարողությանը հաջորդել «Հովեր» երգչախմբի համերգը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ընտանիքի անդամները, արվեստասեր հանրություն:

Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը:

 «Այս միջոցառումներով մենք նպատակ ունենք պատշաճ նշանավորելու և վերաիմաստավորելու մի հոգևոր իրողության 100-ամյակը, որի անունը Ղուկաս Չուբարյան է: Այսօր Երևանի Մանկական այգում Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի հանդիսավոր բացման արարողության ժամանակ քանդակագործի դստեր՝ տիկին Անուշի խոսքում ես տեսնում էի հոր ուրվագիծը՝ արժանապատիվ, շիտակ, ազնիվ: Մեր մեծերը, այդ թվում՝ Ղուկաս Չուբարյանը, ունենալով բարդ կենսագրություն, ողբերգական ճակատագիր, զրկանքներ, դժվարություններ, կարողացել են մեծ և արժեքավոր ժառանգություն ավանդել մեր ժողովրդին ու հասարակությանը, որով իրավունք են տվել մեզ համարվելու քաղաքակիրթ ազգ, մշակութային հանրություն: Չուբարյանի գործունեությունն անբաժանելի է մեր կենսագրությունից, հոգևոր և էմոցիոնալ հիշողությունից: Նրա ստեղծագործություններն արդեն մտած են մեր արյան, մեր մանկական հիշողությունների մեջ, և պատահական չէ, որ այսօր նամականիշի մարումը և հոգևոր երաժշտության համերգը անցկացվում են մի կառույցում, որն անքակտելիորեն կապված է իր ստեղծագործության՝ Մաշտոցի արձանի հետ»,- նշել է Արա Խզմալյանը և վստահություն հայտել, որ հայ ազգը մեծանուն արվեստագետի արժանի հետնորդ հանդիսանալու ներուժը ունի:

Ղուկաս Չուբարյանի ծննդյան օրը՝ հունիսի 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, արվեստագետի ընտանիքի անդամները, մտավորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ այցել են Երևանի քաղաքային պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծանուն արվեստագետի շիրիմին:

Լուսանկարը` Գևորգ Պերկուպերկյանի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում