ԲՏԱ նախարարը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են ոլորտային գործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է դեսպանին, ընդգծել, որ Հայաստանի և Բրազիլիայի դիվանագիտական հարաբերություններն արդեն 30-ամյա պատմություն ունեն, ինչը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ընդլայնման և խորացման հիմք է հանդիսանում: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը մեծ ներուժ ունի, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել:
Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, որոնք միտված են նպաստելու տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը։
Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո», «ՔՈԱՖ» և մարզերում գործող այլ տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը, մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստելու տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը:
Անդրադառնալով ոլորտային փոխշահավետ ծրագրերի իրականացմանը՝ դեսպանն առաջարկել է դիտարկել Բրազիլիայի Գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և կապի նախարարության, Տեխնոլոգիաների և Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտների հետ գործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել նաև «Համակարգչային արտակարգ իրավիճակների արագ արձագանքման թիմի» (CERT) ստեղծման բրազիլական փորձի փոխանակման հնարավորությանը։
Ռոբերտ Խաչատրյանը և Ֆաբիո Վազ Պիտալուգան պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով:
Կարծիքներ