Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի առեղծվածային անհետացումը

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի առեղծվածային անհետացումը

Նաջմեդդին Սադիկովն 1993-ից եղել է Ադրբեջանի բանակի բարձրաստիճան զինվորական, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և պաշտպանության փոխնախարար: Սակայն անցյալ տարի հայ-ադրբեջանական պատերազմի կեսերին հաղթանակի գագաթնակետին, որին Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվել էին մոտ 27 տարի, Սադիկովն առեղծվածային կերպով անհետացավ:

Mirror-Spectator պարբերականը գրում է, որ Հայաստանի հետ 1992-ի առաջին պատերազմի տարիներին ադրբեջանական զինված ուժերին միացած խորհրդային բանակի փորձառություն ունեցող զինվորական Սադիկովի շուրջ ասեկոսեները երկար են պտտվել: Շատ ադրբեջանցիներ սոցիալական ցանցերում նրան նկարագրում են «դավաճան» բառով: Սադիկովին զրպարտում են Ռուսաստանի հետ կապերի համար և հայտարարում, որ նրա եղբայրը բարձրաստիճան սպա է եղել ՀՀ զինված ուժերում:

Ասեկոսեները գագաթնակետին հասան հուլիսյան հակամարտության ժամանակ, երբ լավ ճանաչված ու հարգված բարձրաստիճան զինվորական, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովն ու գնդապետ Իլգար Միրզաևը սպանվեցին: Սոցիալական հարթակում բազմաթիվ ադրբեջանցիներ Սադիկովին էին մեղադրում նրանց կոորդինատները Հայաստանին փոխանցելու համար:

Սադիկովն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ներկա է եղել հուղարկավորությանը: Զոհված մեկ այլ զինվորականի հուղարկավորությունից հետո Բաքվում կազմակերպված զանգվածային ակցիայի մասնակիցներն այս մահերի համար մեղադրեցին Սադիկովին և պահանջեցին հրաժարական տալ: Լուրեր տարածվեցին, որ նա պաշտոնանկ է արվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 21-ին հայտարարություն էր տարածել՝ հերքելով Սադիկովին պաշտոնանկ անելու և նրա եղբոր՝ ՀՀ զինված ուժերում լինելու լուրերը: Գերատեսչության հավաստմամբ՝ նրա եղբայրն ավելի քան 30 տարի առաջ էր մահացել:

Սադիկովի ընտանիքը կապեր ուներ ադրբեջանական վերնախավի հետ: Ռուս-ադրբեջանցի փոփ աստղ Էմին Աղալարովը՝ Իլհամ Ալիևի նախկին փեսան և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընկերը, սեպտեմբերին «Ֆաթիմա» վերնագրով երգ էր թողարկել Ինստագրամում, ինչը նրա շատ հետևորդներ դիտարկել էին որպես Սադիկովի դստեր՝ Ֆաթիմա Սադիկովայի հետ ամուսնության հայտարարություն: Աղալարովն ուղիղ ձևով չի հաստատել իր ամուսնությունը, սակայն շարունակ ակնարկներ է արել:

«Ֆաթիմայից» երկու շաբաթ անց սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը:

Հակամարտության ժամանակ ադրբեջանական կողմի լուրջ կորուստներից հետո շատ ադրբեջանցիներ կրկին սկսեցին մեղադրել Սադիկովին: Նորից սկսեցին լուրեր պտտվել, որ նա պաշտոնանկ է արվել դավաճանության համար:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար էր հրապարակել բարձրաստիճան զինվորականների կոնֆերանսից, որին մասնակցել էր նաև Սադիկովը:

Օրեր անց Սադիկովի կենսագրությունն ու նրա մասին մյուս տեղեկություններն աննկատ ջնջվեցին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքից: Այդ մասին պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չեղավ:

Հոկտեմբերի 4-ի լուսանկարից հետո, պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված ռազմական շքերթին Սադիկովը ներկա չի եղել: Նրա անհետացման մասին կրկին լուրեր պտտվեցին:

Վերջապես, հունվարի 28-ին պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Սադիկովն այլևս ռազմական ծառայություն չի անցնում՝ պատճառաբանելով առողջական խնդիրները և Մոսկվայում սրտի վիրահատությունը:

Խորհրդարանականներից մեկի խոսքով՝ Սադիկովը պետական գաղտնիք էր դարձել: Տեղեկություն կար նաև, որ Սադիկովը տնային կալանքի տակ է:

Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Սադիկովն է կրում պատերազմում ադրբեջանական կողմի կորուստների պատասխանատվությունը:

Նշվում է, որ Ադրբեջանը ցանկանում է գաղտնի կերպով լուծել խնդիրը, իսկ ժողովրդին հորդորում է մոռանալ այդ մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում