Տնտեսական աճը կլինի կանխատեսվածից բարձր. Թունյանն առավել կարևորում է ոչ թե թվերը, այլ ներառական աճը
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ակնհայտ է համարում, որ 2021-ի տնտեսական աճը կլինի ի սկզբանե կանխատեսված ցուցանիշից ավելի բարձր, սակայն դժվարանում է ասել՝ երկնիշ տնտեսական աճ կապահովվի, թե ոչ՝ շեշտելով, որ կարևորը առողջ տնտեսական աճ ապահովելն է:
«Դժվար է ասել երկնիշ տնտեսական աճ կունենանք կամ չենք ունենա, կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ, բարդ գործ է: Բայց, որ տնտեսական աճը կլինի ի սկզբանե կանխատեսված ցուցանիշից ավելի բարձր, արդեն ակնհայտ է»,-ասաց Թունյանը:
Պատգամավորը հիշեցրեց՝ տարվա համար ի սկզբանե կառավարությունը կանխատեսում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, ԿԲ-ն՝ 1.6 տոկոս, միջազգային կառույցները՝ 1-1.5 տոկոս: Սակայն վերջինին ցուցանիշների ամփոփումից հետո բոլորը վերանայել են իրենց կանխատեսումները,կառավարությունը կանխատեսում է 6 տոկոս տնտեսական աճ, ԿԲ-ն՝ 4.6 տոկոս, միջազգային կառույցների կանխատեսումներն էլ շուտով կհրապարակվեն:
Նա հիշեցրեց՝ հունվար-մայիսին արձանագրվել է 4.3 տոկոս աճ, պատգամավորը վստահ է, որ առաջին կիսամյակի արդյունքներով ավելի բարձր աճ կգրանցվի:
Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ այդ մեխանիկական ցուցանիշի վրա կենտրոնանալ: «Կարող է լինել 7 տոկոս ավելի առողջ, նորմալ աճ, քան 12 տոկոս: Թվերից ավելի լավ է մի պահ խուսափենք»,-ասաց Թունյանն ու պարզաբանեց՝ առողջ աճ նշանակում է, երբ տնտեսությունն աճում է ոչ թե մեկ ոլորտի կամ մեկ-երկու գործոնի հաշվին, այլ ապահովվում է հնարավորինս ներառական աճ, վերաբերում է բոլոր ոլորտների, հնարավորինս շատ մարդիկ են մասնակցում այդ տնտեսական բարիքի ստեղծմանը, ըստ այդմ էլ դա շատ մարդկանց բարեկեցության վրա է դրականորեն ազդում:
Պատգամավորը նկատեց՝ բավականին արագ են վերականգնվում շինարարության, հանրային ծառայությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտները: Նա դա պայմանավորեց նաև նրանով, որ անցյալ տարի այդ ոլորտները շատ խորը անկման մեջ էին հայտնվել, ըստ էության այդտեղ շրջանառությունները գրեթե 0-ի էին հասել: «Այս տարի այդ կորցվածը վերականգնվում է, դրա համար աճի ցուցանիշներն ավելի բարձր են: Բոլոր ոլորտներում էլ աճ ունենք, հավասարաչափ է»,-ասաց նա:
Թունյանն ուրախալի համարեց նաև արտահանման աճը՝ հավելելով, սակայն, որ այդտեղ որոշակի մտածելու տեղեր կան: «Տնտեսական աճի մեջ բավականին մեծ բաղադրիչ ունի հանքարդյունաբերությունը, արտահանման աճի մեջ՝ նույնպես՝ պղնձի միջազգային գներով պայմանավորված: Այսինքն՝ եթե այդ երկու բաղադրիչը հանենք, տնտեսական աճի ցուցանիշը շատ բարձր չի լինի: Դրա համար պետք է ոչ չափից դուրս ոգևորվել, ոչ դրանից նեղվել, այլ փաստերն ընդունել ի գիտություն և այնպես անել, որ մյուս ոլորտները նույնպես աճը արագացնեն»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի՝ երկնիշ տնտեսական աճի կանխատեսմանը՝ Թունյանը նշեց՝ շատ լավ է, որ նախարարն այդպիսի բարձր նշաձող է սահմանել, դա նշանակում է, որ ինքն ամեն ինչ կանի այդ տնտեսական աճի՝ իր ասած ցուցանիշն ապահովելու համար: Անդրադառնալով նախարարի պաշտոնակատարի՝ զբոսաշրջության 319 տոկոս աճի կանխատեսմանը՝ հորդորեց այդ թվից չվախենալ, չզարմանալ՝ պարզաբանելով. «Մենք ունեցել ենք տուրիզմի շատ կտրուկ անկում, 319 տոկոսով աճը նշանակում է զբոսաշրջիկների թվի 4 անգամ ավելացում, անցյալ տարի դրանից ավելի շատ անգամներով նվազում ենք ունեցել: Եվ դա ոչ թե զարմանալի, այլ բնական է: Անբնական կլինի, եթե տուրիզմն անգամներով չվերականգնվի»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա շատ իրանցի զբոսաշրջիկներ գալիս են Հայաստանում պատվաստում, 10 օր մնում և գնում, այս առումով զբոսաշրջության աճն արհեստական չի՞ լինի, նա բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով, որ զբոսաշրջիկներին հաշվարկելու համար կան հստակ ցուցանիշներ՝ մարդը պետք է սահմանը հատի, որոշակի ժամանակահատված անցկացնի այս երկրում ու գնա: Պատգամավորը նշեց, որ Հայաստան պատվաստվելու համար եկող այդ մարդիկ դասական զբոսաշրջիկներ են: «Դա կոչվում է բժշկական տուրիզմ: Կա խոհանոցային, բժշկական տուրիզմ և այլն: Հիմա, եթե տուրիստը գալիս է Հայաստան, ժամանակն այստեղ անցկացնելու՝ կլինի 2, թե 3 օրով, նա գալիս է Հայաստանում գումար ծախսելու, որոշակի ծառայություններից օգտվելու համար, այդ ընթացքում նա օգտվում է և ռեստորանների, և հյուրանոցային օբյեկտներից, և պատվաստում է ստանում և գնում: Սա շատ լավ ու առողջ պրոցես է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը շատ լավ նախադրյալներ ունի՝ դառնալու նաև բժշկական տուրիզմի կենտրոն»,-ասաց նա:
Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Թունյանը ասաց, որ դա, ըստ էության, ավելի շատ իրավական բնույթի հարց է, քան տնտեսական: «Իհարկե լավ չէ, երբ տնտեսավարողները և իրավապահ մարմիններն առնչություն են ունենում, բայց, եթե այդտեղ կատարվում են որոշակի գործողություններ՝ քննչական մարմինների կամ իրավապահների կողմից, նշանակում է՝ դրա համար կան որոշակի հիմքեր: Այսինքն՝ անկախ նրանից՝ ընկերությունը որքանով է կարևոր Հայաստանի համար կամ ինչքան եկամուտ է ապահովում Հայաստանի բյուջեի համար, եթե կան խախտումներ, դրանց համար պետք է հետևեն պատասխանատվությունները»,-ասաց պատգամավորը:
Կարծիքներ