ԿԳՄՍ նախարարության համար դպրոցներում սարքավորումների ապահովման խնդիրը կարևոր գերակայություններից է

ԿԳՄՍ նախարարության համար դպրոցներում սարքավորումների ապահովման խնդիրը կարևոր գերակայություններից է

Հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2020 թվականից մեկնարկած համակարգիչների և այլ սարքավորումների ձեռքբերման գործընթացը ՀՀ որևէ մարզում ամբողջությամբ լրացված չէ։

«Արմենպրես»-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ զրուցել է այն մասին, թե այս պահին ինչ փուլում է  օնլայն դասերին մասնակցելու համար հանրապետության ուսուցիչների և աշակերտների մի մասին համակարգիչներ, պլանշետներ և այլ սարքավորումներ տրամադրելու գործընթացը:

«Երբ անցած տարվա գարնանը հավաքագրում էին իրականացնում, շուրջ 21 հազար սարքավորման պահանջ կար: Մենք հանրային արշավ իրականացրինք մեր տարբեր գործընկերների միջոցով, ինչի արդյունքում հավաքագրվեց մի քանի հազար սարքավորում և փոխանցվեց մարզերին: Բնականաբար խնդիրն ամբողջությամբ չի կարող ավարտված համարվել, քանի որ այդ քանակը բավարար չի կարիքները լրիվ բավարարելու համար: Խնդիր կա բոլոր մարզերում, իհարկե, ունեինք տվյալներ, թե որ մարզում սարքավորումների ինչպիսի պահանջարկ կա, բայց չենք կարող ասել, որ որևէ մարզում այդ պահանջարկն ամբողջությամբ լրացված է: Մենք դպրոցներում էլ ունենք սարքերի որոշակի ծավալ և դրանք առաջին իսկ օրերից մատնանշել էինք, որ պետք է տրամադրվեին ուսուցիչներին, որպեսզի վերջիններս սարքավորման բացակայության պարագայում կարողանան հեռավար ուսուցման գործընթացն իրականացնել»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունն այն ժամանակ որոշակի քայլեր էր ձեռնարկել լրացուցիչ խմբաքանակով սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ, և պատրաստվում էին ավելի վատ սցենարի, եթե չկարողանային 2020 թվականի սեպտեմբերից առկա ուսուցման անցնել: Փոխնախարարը շեշտեց, քանի որ փաստացի այդ սցենարը չիրականացավ, իրենք կենտրոնացան առկա ուսուցման պրոցեսը կազմակերպելու վրա։ 

«Հաշվի առնելով այն փաստը, որ չիրականացրինք վատագույն սցենարը՝ ամբողջ ուսումնական համակարգի հեռավարի անցնելու սցենարին, հետևաբար առաջնահերթությունների տեսանկյունից սարքավորումների ապահովման խնդիրը մնում է կարևոր գերակայություն, և մեր մշտական հարցերից է, որ դպրոցները պետք է համալրել: Այս տարվանից առաջնահերթ որոշեցինք սարքավորումներ ուղղել դպրոցներին: Հանրակրության պետական նոր չափորոշիչներին ընդառաջ մենք ընդհանրապես ունենք բոլոր դպրոցներում պատշաճ ենթակառուցվածքներ ձևավորելու խնդիր` թե համակարգչային, թե լաբորատոր: Այս իմաստով, առաջնահերթություն տրվեց առկա ուսուցմանը նպաստող միջոցների և դրան անհրաժեշտ միջոցների տրամադրմանը»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը: 

Անդրեասյանը, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմեբերի 27-ից մեկնարկած և 44 տևած պատերազմին, նշեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով այդ օրերին, սահմանամերձ որոշ համայնքներում ամբողջական անցում էր կատարվել հեռավար ուսուցման։ Նա ընդգծեց, որ այդ օրերին Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից հավելյալ ստացել էին պահանջարկ՝ համակարգիչներ և այլ սարքավորումներ տրամադրելու։

«Մարզպետարանները ներկայացրել էին թվերը, թե ինչ քանակությամբ և որ համայնքներին է անհրաժեշտ սարքավորում տրամադրել, որպեսզի ամբողջությամբ ապահովեն հեռավար ուսուցում: Մենք ամբողջությամբ բավարարեցինք այդ կարիքը։ Ավելին ասեմ, մեր հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցելու միջոցով այդ համայնքների սովորողներին ապահովեցինք նաև ինտերնետային կապով, որպեսզի նրանք կարողանան պատերազմի օրերին իրենց կրթությունն իրականացնել հեռավար»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։

Լիլիթ Դեմուրյան 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում