Գարեգին Բ-ի եղբայրը և նրա որդիները Ոսկեհատում խոչընդոտել են Հ. Մկրտչյանի քարոզարշավին. թեկնածուն ահազանգում է

Գարեգին Բ-ի եղբայրը և նրա որդիները Ոսկեհատում խոչընդոտել են Հ. Մկրտչյանի քարոզարշավին. թեկնածուն ահազանգում է

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ այն վերտառելով «Ոսկեհատը և Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան ստվերային կառավարումը»:

«Այսօր՝ կեսօրին՝ գրեթե 16։10-ն ընկած ժամանակահատվածում, իմ քաղաքական թիմի հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայր, որտեղ մեզ էին սպասում Կտրիճ Ներսիսյանի ընտանիքի անդամները և նազիր-վեզիրներից բաղկացած լեգեոնը, մասնավորապես՝ նախկինում նույն համայնքի ղեկավար եղած Կտրիճ Ներսիսյանի եղբայրը հանդիսացող Գևորգ Ներսիսյանը յուր որդիների հետ։

Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։

Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ։

Թոկից փախած սույն լեգեոներները երևի թե չգիտեն, որ Կտրիճ Ներսիսյանի վարկաբեկվածության աստիճանը մարդկանց աչքերում դրանով ոչ թե նվազեցնում, այլ բարձրացնում են շեշտակի ավել: Ինչպես նաև չգիտեն, որ Ոսկեհատ բնակավայրի գիտակից բնակիչները իրենց մտքում վաղուց արդեն ընտրություն են կատարել, ու իրենց ահ ու սարսափի տարածման միջնադարյան մեթոդները քվեախցիկում դեր խաղալ չեն կարող:

Չգիտեն նաև, որ նախընտրական, օրինական քարոզարշավի խոչընդոտումը թեկնածուի, կուսակցության, քաղաքական ցանկացած ուժի նկատմամբ բացահայտ ապօրինություն է, որը արժանանալու է իրավապահ համակարգի համապատասխան մարմինների համապատասխան իրավական գնահատականին։

Չգիտեն նաև, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ իրենց խուլիգանությունները ևս արժանանալու են իրավական գնահատականների։

Մինչև հիմա դեռ չեն էլ հասկացել, որ Ոսկեհատը այդ իրավական պետության լիարժեք մաս է, ոչ թե իրենց ընտանեկան-կլանային կառավարման ինչ-որ վերացական սուբյեկտ կամ «ճռթոյի դուքյան»։

Բայց էս պատմությունը շատ ավելի խորքային բաների մասին է. նրա մասին է, որ սրանց պատկերացումները Քրիստոսի վարդապետության, հոգևոր արժեքների, բարեպաշտության, բարոյականության, մարդակենտրոնության, հասարակական հարաբերությունների, կարծիքների բազմազանության, օրինականության վերաբերյալ այս տեսք ունեն:

Ամեն ինչի մասին սրանց պատկերացումները այս տեսքն ունեն՝ ինքնիրավչություն, խուլիգանություն, բռնակալություն, վախի մթնոլորտի ստեղծում, օրենքի ու հասարական կարգի ոտնակոխ, լկտի բառապաշար, վերունու պահվածք... ու ոչ մի բան լավի, բարու, հոգևորի հետ կապ ունեցող...

ՈՍԿԵՀԱՏԸ ԱԶԱՏԱԳՐՎԵԼՈ՛Ւ Է...

Ընտանեկան, ստվերային, կլանային կառավարում Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայրում այլևս չի՛ լինելու։

Համապատասխան մարմինները արդեն իսկ ստացել են համապատասխան հաղորդագրություն սույն անձանց և սույն միջադեպի վերաբերյալ։

Իրավական գործընթացի հետագա ընթացքի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեմ»,- գրել թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում