Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ ազդեցության գոտուց և չափազանց անկառավարելի դարձել Վաշինգտոնի համար․ քաղաքագետ

Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ ազդեցության գոտուց և չափազանց անկառավարելի դարձել Վաշինգտոնի համար․ քաղաքագետ

Օրերս Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ելույթում։ Թեմայի վերաբերյալ Freenews.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կտա Բայդենի այս քայլը Հայաստանին։ Վերջինս կարծում է, որ սա առաջին քայլն է, որպեսզի հետագայում օրենքի մակարդակով ԱՄՆ-ն ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Դա լրացուցիչ ճնշում կգործադրի Թուրքիայի ուղղությամբ, ինչը կնպաստի նրան, որ թուրքական պետությունը կընդունի Հայոց ցեղասպանությունը։

«Բավականին բարդ է, քանի որ Թուրքիան ներկայումս սանձարձակ է դարձել, և չպետք է միամիտ լինել․ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։ Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ ազդեցության գոտուց և չափազանց անկառավարելի դարձել Վաշինգտոնի համար»,- ասում է քաղաքգետը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ այս հարցում ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների շահերը համընկում են միմյանց հետ։ Պետք է դիվանագիտորեն այնպես անել, որ հետագայում սա ավելի առարկայացվի և հավելյալ ճնշումներ օգտագործվեն Թուրքիայի դեմ։

«Թուրքիան ԱՄՆ-ի շահերին հակառակ հոսանքով է գնում և վերջին տարիներին մտերմացել է ՌԴ-ի հետ։ ՌԴ-ից S-400 հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել, որը նաև լուրջ ռիսկեր է պարունակում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համար։ Արցախյան վերջին պատերազմում  իրենց մասնակցությունը Ադրբեջանի կողմից, ինչ որ առումով ցույց է տալիս, որ Թուրքիան անկառավարելի է դարձել։ Նաև նախորդ տարի աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ ԱՄՆ-ն առաջին անգամ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի դաշնակից որոշ  պաշտոնյաների սև ցուցակ գցեց։ Այսինքն՝ սա կարծես վերջին կաթիլը հանդիսացավ։ Պարզից էլ պարզ է, որ Թուրքիան վերջին ժամանակներում հակաամերիկյան քաղաքականություն է վարում»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդնյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում