ՀՀԿ-ի ձեռքն արդեն հասել է ամերիկացի սեւամորթներին. Արսեն Խառատյան
Զվարճապատում Թավշյա հեղափոխության կողմնակի ազդեցություններից
ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում հայկական ներկայությունը 10-ամյակների պատմություն ունի: Ավանդական սփյուռքից զատ, վերջին 20 տարվա ընթացքում այստեղ բնակություն են հաստատել նաեւ հայաստանցիներ, որոնցից շատերը շինարարությամբ են զբաղվում: Դինամիկ այս համայնքը անմասն չի մնացել Թավշյա հեղափոխությունից: Այսպես 2018-ի ապրիլին, երբ ողջ աշխարհի հայությունը հետեւում ու աջակցում էր հայաստանյան զարգացումներին, Քլիվլենդի մի բազմաբնակարան շենքում ուշագրավ մի պատմություն է տեղի ունենում:
Ապրիլի կեսերին, երբ դեռ պարզ չէր հեղափոխության ճակատագիրը, շենքի միջանցքները ներկող մի քանի հայ ընկերներ միջանցքի պատին նկարում են Չիբուրաշկայի պատկերը` «Քայլ արա, մերժիր Սերժին» վերտառությամբ: Ապրիլի 23-ի հայտնի հրաժարականից ոգեւորված, քաղաքական «արվեստ»-ը շարունակվում է: Աշխատանքային օրվա ավարտին, տղաները դագաղ են նկարում` «արդեն մեռավ» տեքստով, ապա միանում հայ համայնքի մյուս անդամներին` հաղթանակը տոնելու:
Հաջորդ օրը, բարձր տրամադրությամբ աշխատավայր վերադառնալիս մեր տղերքին անակնկալ է սպասվում: Այսպես, տարածքի աֆրոամերիկացի բնակիչների բանակը` մենեջերի գլխավորությամբ շենքի մատույցներում ռազմատենչ դեմքերով դիմավորում է տղերքին.
«Ով է այս նկարի հեղինակը»,- հարց է հնչում:
Շփոթված հայությունը սկսում է իրար նայել ու մտածել, թե` էս ՀՀԿ-ի ձեռքն արդեն հասել է ամերիկացի սեւամորթներին:
«Մենք ենք, նկարել, իսկ ի՞նչ խնդիր կա»,- պատասխանում է տղերքից մեկը:
«Սա ռասիզմի ու ատելության դրսեւորում է ու դրա համար պատասխան եք տալու»,- ասում են գազազած աֆրոամերիկացիները:
«Ի՞նչ ռասիզմ, ի՞նչ ատելություն»,- կարկամում են տղաները:
«Դուք կապիկ եք նկարել` նկատի ունենալով սեւամորթներին, եւ ապա դագաղով մահ կամեցել մեզ»,- պնդում են հավաքվածները:
Նման հնարավոր զարգացման մասին մտքի ծայրով անգամ չանցկացրած տղերքը հնարավոր բախումը կանխելու նպատակով փորձում են պարզաբանել իրավիճակը: Այսպես, մի ողջ օր` կադրեր ցույց տալով Հայաստանի տեղը չիմացող շենքի բնակիչներին, պատմում են մեր հեղափոխության մասին, համոզում, որ այն կապ չունի ու չի կարող ունենալ աֆրոամերիկացիների ու ռասիզմի հետ: Նկարը ջնջելուց ու տեւական ջանքերից հետո, կողմերը համաձայնության են գալիս, ապա միասին գնում նշելու հեղափոխության հաղթանակը, ավելին` լավ երեկոյի ընթացքում, սեւամորթներից մի քանիսը հայերեն առաջին բառերն են սովորում` «Քայլ արա, մերժիր Սերժին»:
Այ էսպիսի մազալու պատմություններ ամերիկաներից, որտեղ Թավշյա հեղափոխությունը, Չիբուրաշկան ու դագաղը կարող են հայ-աֆրոամերիկյան լարվածության պատճառ դառնալ:
Կարծիքներ