Հատուկ երազախաբ եղած «լրատվականների» համար․ Գարիկ Սարգսյանը պարզաբանում է հրապարակել

Հատուկ երազախաբ եղած «լրատվականների» համար․ Գարիկ Սարգսյանը պարզաբանում է հրապարակել

Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանում է հրապարակել մամուլում ավելի վաղ արված հրապարակումների առնչությամբ:

«Lurer.com-ը և hraparak.am-ը իրենց կայքէջերում 07.11.2025թ․-ին կատարել են հրապարակումներ՝ դրանք վերնագրելով հետևյալ կերպ՝ «Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ»։ 

Վերոգրյալի մասին հայտնում եմ հետևյալը.

Վեդի խոշորացված համայնքի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած հայցերը հարուցել են նախկին ՀՀ Արարատի մարզի Գոռավան, Ուրցաձոր և Լուսառատ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները նախկինում՝ մինչև խոշորացումը և իմ՝ համայնքի ղեկավար ընտրվելը, կատարված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով։ 

Հաշվի առնելով, որ Վեդի խոշորացված համայնքը հանդիսանում է Գոռավան, Ուրցաձոր և Լուսառատ համայնքների իրավահաջորդը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցերը ներկայացրել է Գոռավան, Ուրցաձոր և Լուսառատ համայնքների իրավահաջորդ ՀՀ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի դեմ (այսպես կոչված նախկիններից ժառանգություն ստացված գործեր)։ 

Ինչ վերաբերում է այն գրառմանը՝ «Հայաստանում, որպես կանոն, ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը՝ տարիներով ձգձգվում», հայտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության հարուցած հայցադիմումները վերաբերում են գործարքի կողմերին՝ մասնավորապես Վեդի համայնքի իրավանախորդներին (նախկին ՏԻՄ-երին) և ֆիզիկական անձ հանդիսացող անձանց, ուստի գործերի քննությունը իրականացվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ապահովելով գործի քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը։ 

Իսկ վերջում կոչ եմ անում այն բոլոր լրատվականներին, որոնք ժրաջան տարածել են սենսացիոն վերնագրերով այդ էժանագին հոդվածները, մի քանի րոպե տրամադրեն և պրոֆեսիոնալ լրագրությամբ զբաղվեն, իհարկե, եթե դա իրենց մոտ ստացվում է»,- ասվում է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում