Ինչու՞ Ծառուկյանը որոշեց վերջապես գնալ դատարան
Փոքր երկրներում՝ ինչպիսին Հայաստանն է, որտեղ բոլորն իրար ու ամեն ինչի մասին շատ լավ տեղեկացված են՝ դժվար է պատկերացնել դեպք, որ որևէ մեկի հնարավոր չլինի պատշաճ ծանուցել ինչ-որ բանի մասին: Այդ դեպքում ինչու՞ հայաստանյան խորհրդարանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի առաջնորդին բոլոր հնարավոր մեթոդներով դատական ծանուցում ուղարկելը որակվում է ոչ պատշաճ ու նա և իր թիմն ամեն ինչ անում են այդ մասին մշտապես բարձրաձայնելու ուղղությամբ: Օրեր շարունակ Գագիկ Ծառուկյանի պատշաճ ծանուցել-չծանուցելու մասին գրում և խոսում էին բոլորը՝ ամենատարբեր հոդվածներում նշելով, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված դատական նիստը լինելու է սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ին: Այս ամենով հանդերձ Ծառուկյանն ու իր փաստաբանական թիմը այդ ամենը և իրենց ուղարկված բոլոր թղթային, փոստային, էլեկտրոնային իրազեկումները համարեցին ոչ պատշաճ իրազեկում, իսկ ահա հաջորդիվ հայտարարություն են տարածում, որ մամուլից են տեղեկացել (չնայած դա այդպես չէ և իրենք անձամբ են տեղեկացվել-ԽՄԲ.) սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ին կայանալիք դատական նիստի մասին և այս անգամ գնալու են: «Զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել ենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, ուստի արդեն իսկ տեղյակ լինելով դրա տեղի և ժամանակի մասին, նշված օրը ներկայանալու ենք դատարան և օրենքով սահմանված կարգով իրացնելու ենք պաշտպանության իրավունքը», -ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում. լավ եթե իրենց պատշաճ չէին իրազեկել, ապա ինչու՞ մի դեպքում մամուլում բարձրացված այդքան աղմուկից հետո չտեղեկացան, իսկ մյուս դեպքում՝ իսկույն մամուլից տեղեկացա՞ն: Այստեղ հարցականներն ավելի են շատանում ու խորացնում Ծառուկյանի և նրա փաստաբանական թիմի՝ հանրության հանդեպ ունեցած անկեղծության վերաբերյալ կասկածները: Ինչևէ… ակնհայտ է դառնում, որ նրանք շատ լավ հասկացել են, որ այլ ելք չունեն, չեն կարող խուսափել օբյեկտիվ քննությունից, հարմարվել են այդ մտքի հետ ու պետք է գնան:
Կարծիքներ