Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:
Համաժողովի շրջանակում «Դիմակայուն ժողովրդավարություն, միավորում ընդդեմ հիբրիդային սպառնալիքների» խորագրով քննարկմանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։
Քննարկումը նախագահել է ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայերը։ Հիմնական զեկուցողներն են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ միայն հիմնարար արժեք է, այլև ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչ։ Նա նշել է, որ ապատեղեկատվությունն ու արտաքին միջամտությունները լուրջ մարտահրավերներ են ժողովրդավարական ինստիտուտների և պետության ինքնիշխանության համար՝ կարևորելով տեղեկատվական դիմակայունության ամրապնդումն ու միջազգային համագործակցությունը։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ընտրական ժամանակահատվածում տնտեսության կարևոր ոլորտներին առնչվող առևտրային սահմանափակումներին՝ նշելով, որ տեղեկատվական շահարկումների և քաղաքական ճնշման հետ մեկտեղ դրանք դիտարկվում են որպես ավելի լայն հիբրիդային արշավի մաս, որի նպատակն էր ազդել Հայաստանի ժողովրդավարական ընտրությունների վրա և մեծացնել արտաքին ազդեցության լծակները՝ հօգուտ ընդդիմադիր քաղաքական դերակատարների։


Կարծիքներ