Իշխանությունները տեղյակ են եղել, որ Բեյրութի նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը վտանգավոր է. Լիբանանի մաքսային ծառայության պետ

Իշխանությունները տեղյակ են եղել, որ Բեյրութի նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը վտանգավոր է. Լիբանանի մաքսային ծառայության պետ

Լիբանանյան մաքսային ծառայության պետ Բադրի Դահերը հայտարարել է, որ լիբանանյան դատական համակարգին 6 անգամ տեղեկացվել է այն մասին, որ Բեյրութի նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատը վտանգավոր է: Այս մասին տեղեկացնում է alarabiya.net կայքը:

Մաքսային ծառայության ղեկավարի խոսքով` ծառայության աշխատակիցները խնդրել են վերաարտահանել այն, բայց այդպես էլ դրա թույլտվությունը չեն ստացել:

Ավելի վաղ Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- ասել է Դիաբը:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000: Զոհերի թիվը հասել է 100-ի, այդ թվում՝ 3 հայ:

«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- նշել է նախարարը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

 

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում