Ադրբեջանն ունի ներքին սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ, որոնց գումարվել են նաև համավարակն ու երաշտային տարին. պատգամավոր
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել:
Դե ինչ, բոլոր կանխատեսումներն ու վերլուծությունները, որոնք վերաբերում էին վերջին իրադարձություններին ու տարածաշրջանում վերջին զարգացումներին, իրականում մի ընդհանուր հենք ունեին՝ Ադրբեջանն ունի ներքին սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ, որոնց գումարվել են նաև համավարակն ու երաշտային տարին: Արտաքին քաղաքականության, տվյալ դեպքում ՀՀ տարածքի վրա սխալ հաշվարկված ոտնձգությունն ու ռազմական գործողությունների խայտառակ մեկնարկն Ադրբեջանի իշխանությունների համար թերևս ստեղծված իրավիճում միակ ելքն էր՝ բողոքի, դժգոհության ալիքներն ինչ-որ ժամանակ զսպելու և բնակչության ուշադրությունը դարձյալ Արցախյան հարցի, նրանց համար անչափ ցավոտ խնդրի վրա սևեռելով: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ՝ տասնյակ զոհեր, ընդ որում բարձրաստիճան զինվորականներ, դիրքի կորուստ, բեմադրված ցույց, որը կոնկրետ մի փուլից դուրս եկավ վերահսկողությունց և բարձրաձայնվող լուզունգների միակ հասցեատերերը մնացին հենց բեմադրողները: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ներսում հասարակության <<դժգոհության գոլորշին>> դեռ ամբողջապես բաց թողված չէ, սեփական աններելի սխալները հարևան երկրի ռազմատենչ հայտարարությունների մեծ սիրահար ղեկավարը գուցե փորձի ստվերել քավության նոխազներ փնտրելով արդեն յուրայինների մեջ:
Հ:Գ: Նախորդ օրվա ցույցն ու վանկարկվող կոչերը լուրջ ազդակ են միջազգային հանրությանն ու տարածաշրջանի պետությունների համար, որ Ադրբեջանը կարող է անկայություն մտցնել տարածաշրջանում և պետք է օր առաջ զսպել նրա անռեալ քաղաքական ցանկությունները: Ցավալի է, որ անգամ գլոբալ համավարակի պայմաններում, երբ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից բարձրաձայնվել է ռազմական գործողությունները դադարեցնելու և մեկտեղելու բոլոր ջանքերը համավարակի դեմ հաղթանակի համար, տարածաշրջանի <<մոնստր>> Թուրքիան ու նրա փոքր եղբայրն իրենց դնում են արտոնյալ դիրքում և խաղում իբր սեփական խաղի կանոններով:
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ