Արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է
2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի կոլեկտիվ (պետական) և մասնավոր կացարաններում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքների՝ բնակարանների վարձակալության սուբսիդավորման աջակցության ծրագիրը շարունակվում է, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Շահառու ընտանիքներին մինչև 4 ամիս ժամկետով՝ ամսական շուրջ 68,000 դրամի չափով աջակցություն է տրամադրվում բնակարանների վարձակալության գումարը փոխհատուցելու կամ վճարելու նպատակով։ Վերջիններիս տրվում է նաև լրացուցիչ աջակցություն, որոնց չափերն ու ծավալը որոշում է համապատասխան բազմամասնագիտական հանձնաժողովը։
Ներկայումս փոխհատուցում է ստացել շուրջ 65 ընտանիք․ միջոցառումը կգործի մինչև 2021թ․ նոյեմբեր ամիսը ներառյալ։
Ծրագիրն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։
Վերոնշյալ ընտանիքներին կեցության այլ վայր տեղափոխելու նպատակով նախարարության կողմից իրականացվել է բնակարանային կարիքների գնահատում»:
Կարծիքներ