Կոչ եմ անում պետությունների առաջնորդներին կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին. |forrights.am|

Կոչ եմ անում պետությունների առաջնորդներին կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին. |forrights.am|

forrights.am: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հրապարակել «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված:

«Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, մարտահրավերներով լի, բայց և հուսադրող ու ապրեցնող: Մենք ամեն օր արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտվել է, և քնում՝ հուսալով, որ սա վերջին օրն էր:

Ինչպես սիրում էր ասել հայրս՝ Շառլ Ազնավուրը, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի: Նրա և մեր ողջ ընտանիքի համար Հայաստանը միշտ կարևոր նշանակություն է ունեցել, ինչն առիթ դարձավ, որ ես միանամ հորս՝ ստեղծելու «Ազնավուր» հիմնադրամը Հայաստանում: 

Եթե հայրս իրեն համարում էր միայն ֆրանսիացի և հայ, ապա ես ավելի՛ շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ. իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս երկրներից յուրաքանչյուրն իր հերթին ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ: Այսօր ես վճռականորեն դիմում եմ այդ և մյուս պետությունների առաջնորդներին՝ կոչ անելով կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին:

Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Թուրքիան ցանկանում է եւս մեկ ոճրագործություն իրականացնել Ադրբեջանի և վարձկան-ահաբեկիչների միջոցով:

Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում խաղաղ բնակչությանը, անմեղ երեխաներին և լրագրողներին: Կարծում եմ՝ ահաբեկչական այս ագրեսիան ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք է։ Ուստի այն երկրները, որոնք խաղաղության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի բանաձևեր ու կոնվենցիաներ են ստորագրել, պետք է իրենց վճռական դերակատարումն ունենան՝ դադարեցնելու արյունահեղությունն ու բռնությունը:

21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա։ Այնուամենայնիվ, հայ ազգն այսօր ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը ՝ առանց գործուն աջակցություն ստանալու նրանցից, ովքեր խթանում են մարդու իրավունքները և խաղաղությունն աշխարհում:

«Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին. մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել այն ամենով, ինչով կարող ենք:

Թեև հայերը սփռված են ամբողջ աշխարհով, միևնույնն է՝ մենք մե՛կ ազգ ենք և մեկ ժողովուրդ ու դժվարություններն էլ հաղթահարելու ենք միասին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում