Սուպերմարկետները պարբերաբար խախտում են աշխատողների իրավունքները. Հայտարարություն
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը պարբերաբար բազմաթիվ բողոքներ է ստանում տարբեր սուպերմարկետների, այդ թվում՝ «Երեւան Սիթի», «Նոր Զովք», «Երիցյաններ եւ Որդիներ», «M/G», «SAS»–ի աշխատակիցներից` իրենց աշխատանքային իրավունքների խախտման կապակցությամբ։
Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վերլուծելով քաղաքացիների բողոքները, որոշակի օրինաչափություն ենք նկատել, մասնավորապես՝
1․ Սուպերմարկետների ցանցերում հիմնականում աշխատում են սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները եւ ուսանողները, ինչից օգտվում են գործատուները։
2․ Աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը հիմնականում չի տրամադրվում աշխատողին,
3․ Աշխատողներին իրենց աշխատանքային պարտականություններից դուրս ստիպում են կատարել լրացուցիչ եւ արտաժամյա աշխատանքներ, որի դիմաց հավելյալ չեն վարձատրում: Մինչդեռ աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը հստակ ամրագրում է. եթե սահմանված նորմաների համեմատությամբ ավելանում է աշխատողի աշխատանքի ծավալը, ապա նրա աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատանքի ծավալին համապատասխան: Իսկ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
4․ Աշխատողներին չեն տրամադրվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմնական արձակուրդը կամ դրա համար փոխհատուցման վճարը` պատճառաբանելով, որ այդ իրավունքը առաջանում է մեկ տարի աշխատելու դեպքում: Այնինչ, աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-ին մասը սահմանում է` աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
5․ Գործատուների կողմից կատարվում է աշխատավարձից անօրինական պահումներ` կրկին հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը. այն է ` գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են`
1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.
2) հաշվարկային մեխանիկական սխալների հետեւանքով կատարված ավել վճարումները.
3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարիչծախսված եւ ժամանակին չվերադարձված գումարը.
4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:
Այս հանգամանքները եւս մեկ անգամ փաստում են, որ սուպերմարկետների աշխատողները պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:
Եղե՛ք իրազեկ, պաշտպանե՛ք ձեր աշխատանքային իրավունքները եւ թույլ մի՛ տվեք գործատուին՝ ոտնահարել ձեր իրավունքները:
Կարծիքներ