Ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է ծանրորդների և մարզիչների՝ Գյումրու քաղաքապետին աջակցելու հայտարարությանը

Ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է ծանրորդների և մարզիչների՝ Գյումրու քաղաքապետին աջակցելու հայտարարությանը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ կոչ անելով զերծ մնալ ծանրորդների`ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց:

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բարձր գնահատելով մեր մարզիկների ու մարզիչների` տարիներով կառուցած հեղինակությունը, պարտավոր է արձագանքել Գյումրու քաղաքապետարանի վերջին հրապարակմանը:

Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։

Այսպիսի գործողությունները կարող են ստեղծել կեղծ տպավորություն, թե մարզական համայնքը ներգրավված է կամ ներգրավվում է որոշակի անձանց անձնական կամ իրավական խնդիրների լուծման մեջ, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել ծանրորդների ու մարզիչների անունների որևէ ձևով օգտագործումը քաղաքական, անձնական կամ քրեաիրավական նպատակներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, որ ճանաչված  մարզիկները և մարզիչները  իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում