Նոր կարգավորումներ ներառական կրթության ոլորտում. քննարկում ԱԺ-ում

Նոր կարգավորումներ ներառական կրթության ոլորտում. քննարկում ԱԺ-ում

Սեպտեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության բարելավմանը:

 

ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, որն ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի, մեթոդաբանության առկայություն, այլև այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ ապահովված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար մասնակցության հնարավորություն և այլն:

 

Քննարկվող նախագծով մասնավորապես, առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել պարտավորություն՝ ուղղված կրթական գործընթացում բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը խթանելուն, այդ թվում՝ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներում, և խտրականությունից զերծ միջավայր ապահովելուն: Բացի այդ՝ կսահմանվի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը, երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների և ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության համար:

 

Առաջարկվում է նաև ծնողի պարտականություններում ամրագրել՝ մասնակցության երեխայի անհատական ուսուցման ծրագրի իրականացմանը, աջակցություն դասապատրաստմանը և այլն:

 

Որպես հարակից զեկուցող հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարությունը ներկայացրած մի շարք առաջարկություններ ներառված են նախագծում: Կարևորելով օրենքի ընդունումը՝ նախարարը փաստել է, որ այն առավելապես արժեքային շեշտադրումներ է պարունակում:

 

«Նախագծով ընդգծվում է փոփոխությունները կյանքում կիրառելու կարևորությունը: Ներառական կրթությունը և ներառական միջավայրն առաջին հերթին կրթության համակարգում ներգրավված բոլոր կողմերի՝ ուսուցիչների, ծնողների, աշակերտների և բոլոր մարդկանց մոտեցումների և վերաբերմունքի մասին է: Այդ իմաստով ծնողների փոխօգնության խմբերի, նրանց առավել ակտիվ ներգրավվածությունն անհատական ուսուցման պլանների մշակման և իրականացման գործում, ինչպես նաև ուսուցիչների կողմից ոչ խտրական վերաբերմունքի և արժեքային շեշտադրումների ամրապնդումը կարող է էական ազդակ լինել այս ուղղությամբ աշխատանքների ինտենսիվ իրականացման համար: Կարծում եմ՝ սա նաև կամրապնդի այս ուղղությամբ ներկայում վարվող պետական քաղաքականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերից գործում է ներառականության ֆինանսավորման նոր մոդելը, որը միտված է բարելավելու իրավիճակը:

 

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ օրենքի նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում իրականացրած քաղաքականությանը և բխում է կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ռազմավարությունից:

 

Նախագծի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:

 

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում