Ինչո՞ւ մշակութային կառույցի ղեկավարի մրցույթում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ թեկնածուն նախապատվություն չի ստանում

Ինչո՞ւ մշակութային կառույցի ղեկավարի մրցույթում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ թեկնածուն նախապատվություն չի ստանում

Ինչո՞ւ մշակութային կառույցների ղեկավարման մրցույթներում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ շրջանավարտները որևէ նախապատվություն չեն ստանում։

Հարցադրումը Ֆեյսբուքում արել է Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու տեղեկացրել, որ վերջերս առընչվել է մի քանի դեպքերի, երբ արվեստի օջախների ղեկավարման մրցույթներում ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետն ավարտած թեկնածուներն ինչ-ինչ պատճառներով զիջել են ոչ մասնագիտական կրթություն ստացած անձանց և հնարավորություն չեն ստացել ղեկավարել տվյալ կառույցը։

Վիրաբյանի կարծիքով, մշակութային տարբեր կազմակերպությունների տնօրենների թափուր հաստիքների մասին հայտարարվող մրցույթներում պետք է առաջնահերթություն տալ հենց այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստացած մասնագետներին, պրոֆեսիոնալ կառավարիչներին։

Այլապես ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետի գոյությունը, որը սոցիալ-մշակութային կառավարման ոլորտում տալիս է պրոֆեսիոնալ կրթություն, գրեթե անիմաստ է դառնում։

«Երիտասարդները ուսումնասիրում են մասնագիտությանը համապատասխան տարբեր ճյուղեր՝ շուկայագիտություն, մենեջմենթ, ռիսկերի գնահատում և կառավարում, PR, հեղինակային իրավունք, ձեռք բերում տեսական և գործնական հմտություններ։ Սակայն, արդյունքում, այդ մարդիկ մրցույթներում հայտնվում են հավասար հարթության մեջ այն մարդկանց հետ, որոնք ամբողջովին այլ կրթություն ունեն և որևէ կապ չունեն արվեստի կառավարման հետ։

Եթե մենք չվերանայենք մեր վերաբերմունքը և պետական մշակութային կազմակերպությունների ղեկավարների մրցույթների հայտագրման փուլում առաջնահերթություն չտանք հենց այդ բաժինն ավարտած մասնագետներին, ստիպված կլինենք տվյալ օջախների կառավարման պաշտոններում տեսնել մարդկանց, որոնք որևէ աղերս չունեն արվեստի և նմանատիպ կառույցների հետ»,-գրել է Տիգրան Վիրաբյանը։

Ի դեպ, ըստ Հանրային հեռուստաընկերության պրոդյուսերի, «Արվեստի պատմության տեսության և կառավարման ֆակուլտետն» արդեն գործում է 2011թվականից և շրջանավարտների մի մասը բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում՝ անհատական նախագծերից մինչև աշխատանք կամ տարբեր հեռուստաընկերություններում, շատ քիչ մասը՝ նաև թատրոններում։

«Հենց այս տխուր վիճակագրությունն է պատճառը, որ տարիներ շարունակ այս ֆակուլտետ դիմողների թիվը եթե չի պակասել, ապա էականորեն չի էլ ավելացել։

Ուստի կարծում եմ, որ այս հարցը բավականին մտահոգիչ է, և հետագայում մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ կարողանանք այս մասնագիտությունն արժևորել որպես բուհում տրվող բարձրագույն կրթություն և շարունակել ֆակուլտետի գործունեությունը»,- նշել է Վիրաբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում