Հարգեք մի քիչ էլ այն արժեքները , որոնք մեզ համար ստեղծվել են. Սոֆյա Հովսեփյան
Անկեղծ ասած շնորհակալ եմ չափորոշիչների աշխատանքային խմբին, քանի որ ինձ և շատերի համար այն եղավ ստուգողիչ թեստ։
Բավականին ախտահարում ունենք, որի պատճառները հազար տեղ կարելի է փնտրել։ Հիմա կամ պետք է կանգ առնենք և պատճառները վերացնենք կամ պետք է վերջնական ախտահարվի։ Ես միշտ առողջացման կողմնակից եմ։
Քանի որ գրել եմ, այս հարցին էլ անդրադառնամ։
Մի խումբ կա, որ փորձում է պաշտպանել որոշ ժամանակակից գրողների ստեղծագործություններ և օրինակ է բերում Չարենց, Սայաթ Նովա, Համո Սահյան , Շիրազ , Մեծարենց , Դուրյան, Րաֆֆի , Սևակ, Թումանյան , Իսահակյան և այլ մեծանունների որոշ «թաքուն» էջեր և համեմատություն անում ու ասում «Դե Չարենցի գրածներին մենք սիրով ենք անդրադառնում, իսկ ժամանակակիցներինը՝ սրով »:
Չէ՛, այդպես չէ , քանի որ նախ համեմատվում է անհամեմատելին , երկրորդ՝ օրինակ Չարենցի « Անտիպ էջերը» դպրոցից շաաատ հեռու են եղել և շատերս ծանոթացել ենք դրան , երբ որպես անձիք ձևավորված էինք ու ունեինք արժեհամակարգ և ունեինք ձևավորված աշխարհայացք : Ես երբ կարդացի , ոչ մի զարմանք ու զայրույթ չունեցա, քանի որ Չարենցի ժառանգությունն այնքան մեծ է , որ մինչև դրան հասնելը արդեն ճանապարհ էի անցնել, բայց եթե ես Չարենցին ճանաչեի ի սկզբանե իր թաքուն էջերից , հնարավոր է նույն արժեւորումը չունենայի և չշարունակեի անգամ ծանոթանալ իր հզոր ստեղծագործությունների հետ :
Երբ խոսում ենք Րաֆֆու «Սամվել» վեպի մասին և ամենավերջին տողերը բերում որպես «ծնողասպանի» , զգույշ եղե՛ք համեմատելուց , քանի որ մինչ ամենավերջն ընթերցելը մի մեծ պատմություն կա , որով ամենքիս համար արժևորվում է և այսօր էլ շատերիս համար հողն ու հայրենիքը սրբազան են և հաճախ ենք կանգնում անգամ սեփական կյանքի ու հայրենիքի պահպանման ընտրության առաջ : Մի շաբաթ առաջ ազգովի սգացինք այն մարդկանց մահը , ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին մեր երկիրը , սգացինք ու այսօր քննադատեցինք Սամվելին, ով սպանել է հայրենիքը վաճառած իր ծնողին : Սա այլ դաշտ է և այլ արժեհամակարգ և խնդրելու եմ չհամեմատել հանկարծ ժամանակակից գրողներից մեկի ստեղծագործության դրվագի հետ : (չեմ մանրամասնի):
Ասում ենք տխրություն , ցավ ու մահից է խոսել Դուրյանը , այո՛, Դուրյանի «Իմ Ցավը » ստեղծագործությունը այդպիսին է , բայց վերլուծեք «կյանքի» ու «հայրենիքի» տարբեր արժևորման ակնհայտ նկարագրությանը :
Ամեն գիր ունի իր նպատակը և իր ժամանակը , ամեն գիր պետք է կարդանք իր ժամանակին և տարիքին համարժեք : Երբ Միսակ Մեծարենցի «Գիշերն անույշ է , գիշերն հեշտագին» բանաստեղծությունը անցնում էինք դպրոցում ՝ 9 կամ 10 -րդ դասարանում , չկար զարմանք , քանի որ արդեն որպես դեռահաս էլ էինք ձևավորվել , բայց չէինք անցնում 4-րդ դասարանում , քանզի ո՛չ հասկանալ կլիներ , ո՛չ կարևորել , ո՛չ էլ սիրել :
Ասածս ի՞նչ է. ամեն ինչն իր ժամանակն ունի և իր տարիքը , թողեք արկածային գրականությունն իր տարիքում վայելեն , որ հետո կարողանան չմնալ «Թափանցիկ շշերի » ազդեցության տակ :
Ամենայն հարգանքով բոլոր ժամանակակիցների նկատմամբ , որոնց մի մասը նաև իմ ընկերներն են , բայց բաներ կան ,որ տարիք է պահանջում : Խնդիրը միայն իմաստի հասկանալու մեջ չէ՝ խնդիրը հասկանալու հետևանքի մեջ է: Ինչ հետևանք է թողնելու հասկացվածը ՝ մարդուն մղելու է ապրելու և արարելու , թե՞ ...
Մեծ հաշվով կարող եք ասել , «Տո քեզ ի՜նչ , ոչ երեխադ է տուժելու , ոչ էլ դու ես այն տարիքում, որ կարող ես գրվածքի հոգեբանական ազդեցության տակ մնալ » , բայց մի՛ ասեք դա , քանի որ ես միշտ ինձ համարել եմ պատասխանատու ամեն նոր մեծացող երեխայի համար ՝ դա կլինի հարազատինս, թե հարևանինս ու իր հարազատինը, անկախ տարիքից և զբաղեցրածս պաշտոնից : Պահը բաց թողեցինք էլ չի վերականգնվի: Ինձ համար առավել հեշտ կլիներ միշտ ապրել հոգեբանությամբ , որ եթե «իմ դուռը խնդիրը չի թակում , ապա դա իմ խնդիրը չէ » , բայց չեմ ձգտել էդ «հեշտին» , քանի որ այն միջավայրը որում ապրում եմ իմն է ու պարտավոր եմ հոգ տանել, խնամել այդ միջավայրը : Հիմա «Ես»- ով եմ խոսում , բայց դա իրականում «Մենք» է և որպեսզի առանց հարցնելու «Մենք »- ի անունից չխոսեմ , սիրելի հայրենակիցներ պարզապես խնդրանք ՝ հարգեք մի քիչ էլ այն արժեքները , որոնք մեզ համար ստեղծվել են ու մենք հավատում ու փայփայում ենք դրանք :
Այնքան բան կա գրելու , բայց կսահմանափակվեմ այսքանով , իրականում շատ ընկերների մոտեցումներ ինձ ստիպեցին այս մտքերն արտահայտել : Հուսամ չեմ նեղացնում ... Լավ եղեք:
Կարծիքներ