Մասնավոր ընկերությանն անհատույց տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները կվերադարձվեն պետությանը

Մասնավոր ընկերությանն անհատույց տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները կվերադարձվեն պետությանը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թ. հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ՝ հայտնում են ՇՄ նախարարությունից:

 

ՀՀ Կառավարության 2004 թ. հունիսի 10-ի N 894-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էին «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ընկերության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2004 թվականի օգոստոսի 16-ին կնքվել էր «Անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման» պայմանագիր։

 

Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թ. սեպտեմբերի 22-ին գրությամբ ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցել է ընկերության և բնապահպանության նախարարության միջև 2015 թ. սեպտեմբերի 23-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» NԿԱՍ-000003 պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։

 

2021 թ. փետրվարի 11-ին Կառավարությունը չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։

 

Նախագծի ընդունմամբ ապահովվում է տարածքները բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին հատկացումը՝ ինչպես մնացած բոլոր բնապահպանական և անտառային հողերի դեպքում։

 

Նախագծի ընդունմամբ պետությանը հնարավորություն է ընձեռվում լիարժեք և արդյունավետ ապահովելու բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին տրամադրելու լիարժեք իրավական հիմքերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում