Մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խոսեց Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի, Կառավարության գործադրած ջանքերի մասին:
Վարչապետը շեշտեց, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան:
«Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է գնաճի աննախադեպ բարձր փուլում, և դրա պատճառները կարող եք իմանալ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ:
Իսկ թե այս առումով ինչպիսի՛ն է Կառավարության քաղաքականությունը, երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում էլ կունենանք:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք, և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին:
Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021-ի՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամ, ընդհանրապես՝ 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:
Իհարկե, կան շահարկումներ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձեր և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո՛, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 հազար հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան բարձրացնել 550 հազար հոգու թոշակը, կամ՝ 600 հազար հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում՝ այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները օր առաջ կյանքի կոչելու համար:
Մյուս կողմից՝ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի՛ հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են:
Տնտեսության հետ կապված՝ ուզում եմ խոսել նաև լավատեսական նորությունների մասին: Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստան և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:
Էական է նաև, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ ունենք 646077, որը 2021 թվականի համեմատ ավելի է 10.3 տոկոսով, 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 9 տոկոսով, 2019 թվականի համեմատ՝ 25.3 տոկոսով:
Բայց, թերևս դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ:
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ.
դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այն, ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով, և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է և անդրադառնալու է մեր վրա:
Մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ:
Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր, ու մենք պիտի այդ փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի: Համոզված եմ՝ մենք դա կանենք, դա թերևս մեր պատմական առաքելությունն է»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ