Հավատում, որ երբևէ կդառնամ աշխարհի չեմպիոն. Հովհաննես Բաչկով
Պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ հաղթանակը գրանցելուց հետո գյումրեցի Հովհաննես Բաչկովը MTK Global պրոմոութերական ընկերության հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է տիտղոսային հանդիպում անցկացնել ու հավատում է երբևէ աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությանը։ Հիշեցնենք՝ մարտի 19-ին Դուբայում՝ Probellum պրոմոութերական ընկերության կազմակերպած մրցաշարում, Հովհաննես Բաչկովն 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Քրիստիան Կորիային։
«Ռինգում ինձ զգում էի, ինչպես ձուկը ջրում։ Հոգնածություն չէի զգում։ Դեռ մանկուց միշտ ամենավերջինն եմ հոգնել։ Դա, հավանաբար, նրանից է, որ ապրում եմ լեռնային բնակավայրում, որտեղ մարդիկ դիմացկուն են և պայքարում են մինչև վերջ։ Տրամադրված էի ժամանակից շուտ ավարտել մենամարտը։ Գիտեի, որ մրցակիցս տարիքով մեծ է ինձնից, բայց չէի պատկերացնում, որ կարող է այդքան ամուր լինել և ուժեղ բնավորություն ունենալ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ անկախ ամեն ինչից համաձայնեց մենամարտել»,-ասել է 29-ամյա գյումրեցի մարզիկը։
Անդրադառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր հետագա ծրագրերին՝ Բաչկովն ընդգծել է.
«Ցանկացած պահի պատրաստ եմ տիտղոսային մենամարտ անցկացնել։ Ես սիրում եմ բռնցքամարտը ու հավատում, որ երբևէ կդառնամ աշխարհի չեմպիոն։ Չեմ կարծում, թե տիտղոսային մենամարտը շատ կուշանա։ Ինձ որևէ մեկից չեմ գերադասում, բայց նաև չեմ ստորադասում։ Հավատում եմ, որ Աստված ինձ տվել է իմաստություն և ուժ, որպեսզի կարողանամ ցանկացած մեկին հաղթել։ Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք իմ կողքին են եղել ու աջակցել են նախապատրաստական փուլում»,-նշել է Բաչկովը։
Կարծիքներ