«Իմ քայլը» մտադիր է ԶԼՄ-ներին արգելել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին հղում անելը
«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել` անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նախագիծը մեծ հաշվով օգնելու է տարանջատելու բարեխիղճ լրագրողներին ու լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին անհայտ աղբյուրներից, որոնց հնարավոր չէ նույնականացնել:
«Կան լրագրողական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնց մարդիկ նույնականացնում են, մարդիկ ճանաչում են նրանց, նրանք խմբագրակազմ ունեն:
Այդ ամբողջ աշխատանքին զուգահեռ հայտնվում են տելեգրամյան ալիքներ և ֆեյսբուքյան էջեր, որոնք որևէ տիպի աշխատանք չկատարելով` գեներացնում են տեղեկատվություն, հետո այդ տեղեկատվությունը հղում անելու միջոցով հայտնվում է իրական լրատվամիջոցների էջերում: Այդպիսով, իրական լրատվամիջոցները սկսում են փաստացի գովազդել աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ պատգամավորի` նախագծով առաջարկվում է ֆիքսել այն անանուն աղբյուրները, որոնք տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:
«Հաջորդիվ արձանագրում ենք, որ լրատվամիջոցները չեն կարողանա հղում անել նմանատիպ աղբյուրներին»,- նշեց Հովհաննիսյանը:
Սակայն, ըստ պատգամավորի, չի արգելվելու վերարտադրել այդ աղբյուրների տեղեկատվությունը:
«Օրինակ` այն ժամանակ չկային տելեգրամյան ալիքներ, և մենք ստացած տեղեկությունները ամենատարբեր աղբյուրներից մատուցում էինք` հաշվի առնելով նաև այդ ռիսկերը: Մենք համարում էինք, որ դա սենսացիա է և հրապարակում էինք: Մեր մոտեցումը հետևյալն է, որ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրներին, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Կարծիքներ