Երևանի քաղաքապետը մասնակցել է «Համայնքային զարգացման նորարարություններ» ֆորումին

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացում, համայնքների զարգացման նորարարական լուծումներ ու օրեցօր թելադրվող մարտահրավերներ. «Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով ֆորումը համախմբել էր Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներին:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
Հանդիպումը համայքների համար հնարավորություն էր՝ բարձրաձայնելու առկա խնդիրներն ու ստանալու առաջարկվող նոր լուծումներ: Քաղաքի արդյունավետ կառավարմանը նպաստող թվային համակարգային բարեփոխումների կուտակած փորձով նախ կիսվել է Երևանի քաղաքապետը: Հրաչյա Սարգսյանը մասնակիցներին է ներկայացրել մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի ու արդյունավետության բարելավմանն ուղղված ծրագրերը, անդրադարձել նաև տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործընթացին:
«Մենք այժմ թարմացնում ենք ամբողջ գույքահարկի, անշարժ և շարժական գույքի բազաները: Կառավարության հետ համատեղ տարեսկզբին փոփոխություններ կատարեցինք, և զրոյական տեղեկանքների համար քաղաքացիներն այլևս կարիք չեն ունենա գալ քաղաքապետարան: Հեռախոսային նոր հավելվածի միջոցով էլ քաղաքացիները հնարավորություն կունենան վճարումներ կատարել աղբահանության համար: Այս ամենի կիրառումը հնարավորություն է տալու, որպեսզի այն խնդիրները, որոնք քաղաքում կան և բարձրացվում են քաղաքացիների կողմից, արագ լուծումներ ստանան: Քաղաքապետարանում այժմ ներդնում են նաև մարդկային ռեսուրսների կառավարման նոր համակարգ, որը հնարավորություն կտա քաղաքապետարանի և դրա ենթակայության տակ գտնվող 480-ից ավելի կազմակերպությունների աշխատակիցների ամբողջ բազան ունենալ մեկ տեղում և իրականացնել վերլուծություններ ու վերապատրաստումներ»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Գործակցության ու փորձի փոխանակման այս ձևաչափով ֆորումն իրականացվում է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
«ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շատ ուրախ է համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ համայնքային նորարարությունների օրվա կազմակերպման հարցում: Համայնքներն այսօր զարգացման բարձր մարտահրավերներ ունեն և որպեսզի կարողանան հաղթահարել դրանք, համակարգային նոր մոտեցումներ են պետք, որոնք նաև մյուս համայնքներին փոխանցելու անհրաժեշտություն կա: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում նոր մոտեցում է ձևավորել, որը կոչվում է պորտֆելային և մարդակենտրոն մոտեցում, և այդ համատեքստում մենք շատ կարևորում ենք շփումները տարբեր համայնքների ղեկավարների միջև»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Առաջարկվող գործողությունների նպատակն է խթանել համայնքներում ներառական տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները՝ նորարական գործիքակազմի փորձարկման և որդեգրման միջոցով, ինչը շոշափելի օգուտ կբերի քաղաքացիներին: Հայաստանի ամենախոշոր համայնքը որդեգրել է խնդիրներին համակարգային լուծումներ տալու սկզբունքը, որպեսզի այդ նույն լուծումները կիրառելի լինեն նաև այլ համայնքներում:
«Թվային այն լուծումները, որ ունի այսօր Երևանի քաղաքապետարանը, այդ փորձը կփոխանցի քննարկումների միջոցով: Մենք այս հարթակի միջոցով թույլ կտանք, որպեսզի մեր գործընկեր համայքները ևս մեզ հետ միասին զարգանան համաչափ, քանի որ, երբ ուժեղ են ծայրամասերը, ավելի ուժեղ է նաև կենտրոնը: Թվայնացումն անբաժանելի և շարունակելիությունն ապահովող մի մաս է կազմում մեր կյանքում, և պետք է ուղղակի չվախենալ նորարարություններից, այլ լավատեսորեն շարժվել առաջ ու ընդունել այդ մարտահրավերները՝ որպես զարգացման նոր փուլ»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:
Ֆորումի մասնակիցները հյուրընկալվել են նաև Երևանի քաղաքապետարանում, այնուհետ այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին:
Կարծիքներ