Ակնհայտ է, որ պետությունը նման «հարձակումների» նկատմամբ անտարբեր լինել չի կարող

Ակնհայտ է, որ պետությունը նման «հարձակումների» նկատմամբ անտարբեր լինել չի կարող

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Խոսքի ազատություն եւ ազգային անվտանգություն

Մարդու ազատությունները եւ հիմնարար իրավունքները համամարդկային արժեքներ են, որոնցից բխում է մարդկության եւ հասարակությունների զարգացումը։ Դրանք հնարավորություն են տալիս մարդկանց մի կողմից ազատ ու ըստ ճաշակի ապրել, մյուս կողմից՝ արարել, ստեղծագործել։ Ընդունված է նաեւ ասել, թե «որքան կիրթ են հասարակությունները, այնքան ազատություն նրանք կարող են վաստակել»։ Մյուս կողմից ազատությունները նույնպես նպաստում են կրթվելուն. փակ, դոգմաների ու տաբուների վրա կառուցված հասարակություններում կրթվելու ու ստեղծագործելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, դրանք հաճախ զարգանալու համար դառնում են անհաղթահարելի խոչընդոտ։

Սակայն ազատությունները ու իրավունքները երբեմն բախվում են սահմանների, որոնց հակառակ կողմում այլոց իրավունքներն են։ Օրինակ՝ խոսքի ազատությունը, որը մեզանում հաճախ ցավոք դրսրեւորվում է վիրավորանքի տեսքով, խախտում է մեկ այլ անձի արժանապատվության իրավունքը։

Ազատությունների չարաշահումը կարող է նաեւ հանգեցնել ազգային անվտանգության խնդիրների եւ վնասել պետության շահերը։

Կորոնավիրուսի համաճարակի տարածման վաղ փուլում, երբ դեռ մարդկությունը քիչ էր տեղեկացված հիվանդության մասին, որոշ ԶԼՄ-ներ կազմակերպված տարածում էին դավադրությունների տեսություններ ու իրականացնում էին վարակին «չհավատալու», «մտացածին» լինելու քարոզ, որը հանգեցնում էր հիվանդության տարածմանը եւ հետեւաբար մահացության աճի։

Խոսքի ազատության չարաշահման մեկ այլ վտանգավոր օրինակ է նշանակալի պետությունների դեմ իրականացվող քարոզչությունը։ Օրինակ վերջին պատերազմի ընթացքում ոչ մեկ անգամ փորձ արվեց ատելության ալիք բարձրացնել հարեւան Վրաստանի դեմ։ Նմանատիպ քարոզչությունները, ժամանակին չկանխվելու դեպքում, կարող են ընդհուպ հանգեցնել դիվանագիտական սկանդալների եւ լարվածության պետությունների միջեւ։

Արտահայտման իրավունքի չափազանց վտանգավոր տեսակ է «գաղտնիքի» արտահոսքը։ Պատերազմի ընթացքում բոլորը ականատես էին լինում «լայվ» տեսանյութերի, որտեղ երեւում էին առանձին զորքերի տեղաշարժ կամ լուսանկարի, որտեղ երեւում էր դիպուկահարը բնապատկերի մեջ։

Առանձին անձանց նկատմամբ իրականցվող ապամարդկայնացման քարոզչությունը եւս մի օրինակ է։ Նման դեպքերում կազմակերպված խմբերը դեմոնիզացնում են այս կամ այն հայտնի անձին, ապա անթաքույց սպանություն քարոզում։

Վերջին օրինակը, որը ցանկանում եմ նշել, խուճապի, ապագայի նկատմամբ վախերի սերմանման եւ անկայունության քարոզչությունն է։ Սրա բազմաթիվ օրինակներ կան, հատկապես հետպատերազմական շրջանում։ Սկսած «թշնամին հասել է Սեւանա լիճ», վերջացած «Հայաստանը կործանման եզրին» վերնագրերով հագեցած նյութերը. դրանք մասամբ ստեղծվում են թշնամական շրջանակներում ու արագ տարածվում են հայկական սոցիալական տիրույթում։

Վերը թվարկված բոլոր օրինակները ազգային անվտանգության սպառնալիքի տարրեր են պարունակում, ընդ որում բավականին լուրջ, իսկ դրանց դեմ պայքարի օրինական միջոցները բավականին սահմանափակ են։ Հազիվ թե գտնվի դատախազ, որը կկարողանա հիմնավոր ներկայացնել «հակակորոնավիրուսային» քարոզչության ու մահերի քանակի պատճառահետեւանքային կապը, կամ օրինակ «խուճապի» քարոզչության եւ արտագաղթի միջեւ պատճառահետեւանքային կապը։

Ակնհայտ է, որ պետությունը նման «հարձակումների» նկատմամբ անտարբեր լինել չի կարող, հատկապես, որ դրանք մեծամասամբ պայմանավորված են այս կամ այն աշխարհաքաղաքական մոտիվներով եւ լրջորեն կարող են վնասել պետության շահերը։

Լուծման ամենաառաջին տարբերակը, որի մասին պետք է մտածի օրենսդիրը կամ իրավաբանը՝ իրավունքի հետեւողական զարգացումն է, ճիշտ այնպես, ինչպես դա արվում է ցանկացած «նոր» հանցագործության տեսակի ի հայտ գալու դեպքում։ Իրավունքը պետք է մրցի ու գերազանցի «անիրավունքին»։

Հաջորդ, եւ առաջինին լրացնող միջոցը կրթությունն է, ինչը նաեւ «խթանել» են հենց ապատեղեկատվությունների տարածողները, քանի որ այսպես թե այնպես կեղծիքը բացահայտվում է, ինչի արդյունքում հասարակությունը ձեռք է բերում դիմադրողականություն։ Կրթության միջոցով այս մարտահրավերի հաղթահարումը պետք է լինի երկարաժամկետ ու հետեւողական ռազմավարություն։

Սակայն, թե՜ իրավունքի զարգացումը, թե՜ կրթության հետեւողական զարգացումը, ցավոք, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են, երբ խոսքը գնում է ազգային անվտանգության սպառնալիքների մասին։ Երկու դեպքում էլ թերությունը պետության արագ արձագանքելու կարողությունների մեջ է, հետեւաբար անհրաժեշտ է փնտրել եւ գտնել լուծումներ, որոնք համաչափ են ազգային անվտանգության մարտահրավերների դիմակայմանը, համարժեք հնարավոր վնասին եւ արդար պետության ուժի կիրառման մենաշնորհի իմաստով։

ՀԳ։ Վերը թվարկվածները ընդամենը օրինակներ են եւ հատուկ են ոչ միայն Հայաստանին, դրանք աշխարհում տարածված մարտահրավերներ են։

ՀԳ2։ Այս հարթակում վերը շարադրված բովանդակությունը չեմ քննարկելու, իսկ անբարեկիրթ մեկնաբանությունները հեռացվելու են անմիջապես»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում