Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից. թռիչքները դադարեցվել են. «Յելլ»-ը մանրամասներ է հայտնել

Ենոքավանում նախօրեին քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր, պարզաբանել է «Յելլ էքստրիմ պարկ»-ը:
Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.
«1. Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։
2. Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով։
3. Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։
4. Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
5. Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։
6. Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։
7. Յելլ էքստրիմ պարկում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
8. Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ենոքավանում քաղաքացին զիփլայնից ընկել է: Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։
Կարծիքներ