Վրաստանի պատմական ձախողումը. Թբիլիսիում հաղթելու հնարավորություն ունենք…
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը բաց թողեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու բացառիկ հնարավորությունը։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկության D դիվիզիոնի եզրափակչում հարևան երկրի հավաքականը երեկ 0։1 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջինս պատմության մեջ առաջին անգամ կխաղա հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ մրցաշարում։
Նշենք, որ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները մեր ազգային թիմի հետ ընդգրկված են Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության միևնույն ենթախմբում։ Ավելին, ընդամենը երկու օր անց Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մրցելու է վրացիների հետ, իսկ նոյեմբերի 18-ին՝ մակեդոնացիների։ Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ մերոնք 5 միավորով երրորդն են ենթախմբում։ Հայաստանն ընդամենը մեկ միավորով է զիջում 1-2-րդ հորիզոնականներում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Երկու հանդիպումներում 6 միավոր վաստակելու պարագայում մերոնք կդառնան ենթախմբի հաղթողը։
Նշենք նաև, որ առաջիկա հանդիպումներին Հայաստանի հավաքականը կխաղա առանց Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև առանցքային մեկ այլ խաղացող՝ Խորեն Բայրամյանի։ Այնուամենայնիվ, սթափ գնահատելով իրավիճակը՝ կարող ենք ասել, որ մեր հավաքականն ունի լավ հնարավորություն խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու։ Դա ուղիղ կապ ունի երեկ կայացած Հյուսիսային Մակեդոնիա-Վրաստան մրցավեճի հետ։ Վրացիները, բաց թողնելով պատմական հնարավորությունը, այս պահին ակամայից գտնվում են նոկդաունի մեջ։ Հյուսիսային Մակեդոնիան իր հերթին, գրանցելով պատմական հաջողություն, նույն մոտիվացիայով դժվար թե ներկայանա առաջիկա հանդիպմանը։ Նշենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունն ըստ էության հնարավորություն չի տալիս ձեռք բերելու 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ուստի մրցաշարային առումով Հայաստանի հավաքականի հետ հանդիպումները Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի համար այնքան էլ կարևոր չեն։ Մեզ համար, սակայն, առաջիկա հանդիպումներում հաղթանակն ուղղակի անհրաժեշտություն է։
Մեր երկրում ծավալված վերջին զարգացումների ֆոնին նույնիսկ փոքրիկ հաղթանակները կարող են որոշակիորեն փոխել մթնոլորտը։ Մեկ ամիս առաջ մերոնց չհաջողվեց հաղթել վրացիներին. Լեհաստանում կայացած մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։ Եկել է հաղթելու ժամանակը։ Այո, մենք ունենք կադրային լուրջ խնդիրներ, բայց… Չմոռանանք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի հավաքականը ընթացիկ մրցաշարում միակ հաղթանակը տարավ առանց Մխիթարյանի՝ ցուցադրելով համեմատաբար որակյալ ֆուտբոլ։ Մասնավորապես, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մերոնք Ալեքսանդր Կարապետյանի և Վբեյմար Անգուլոյի խփած գոլերի շնորհիվ 2։0 հաշվով առավելության էին հասել Էստոնիայի նկատմամբ։ Այս հանդիպումից առաջ մերոնք առանց Մխիթարյանի հաղթել էին 13 տարի առաջ։ Ավելի ստույգ՝ 2007 թվականի հունիսի 6-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում «Հանրապետական» մարզադաշտում մեր ֆուտբոլիստներն առանց Մխիթարյանի 1։0 հաշվով առավելության էին հասել Լեհաստանի նկատմամբ։ Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը գլխավորում էր լուսահոգի Յան Պորտերֆիլդը, իսկ հաղթական գոլը խփեց Համլետ Մխիթարյանը։
Ինչ վերաբերում է ընկերական հանդիպումներին, ապա վերջին հաղթանակն առանց Հայաստանի հավաքականի ներկայիս ավագի ևս կայացել է հեռավոր՝ 2007 թվականին։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 12-ին Վալետտայում կայացած ընկերական խաղում Արթուր Ոսկանյանի խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն։ Դրանից հետո Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հաղթանակները գրանցվել են Մխիթարյանի անմիջական մասնակցությամբ։
Նշենք նաև, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին՝ Կալիֆոռնիայում տեղի ունեցած Պանամայի դեմ ընկերական մրցավեճում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այսօր հարկ ենք համարում կրկին վերահաստատել հետևյալ թեզը. եկել է ժամանակը, որ մտածենք մեկ հավաքական ստեղծելու մասին, որտեղ Մխիթարյանը կլինի առաջատար։ Էստոնիայի հետ հանդիպման երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը ցուցադրեց գրագետ խաղ, և ոմանք այն կարծիքի են, որ այդ խաղի վերջին 45 րոպեներին մեր ավագի բացակայությունը չէր նկատվում։ Մասնավորապես, մերոնք վերահսկում էին գնդակը դաշտի կենտրոնում, իսկ գրոհներն ավելի սուր էին։ Հայաստանի հավաքականի խաղին թարմություն հաղորդեցին փոխարինման դուրս եկած Վահան Բիչախչյանն ու Խորեն Բայրամյանը։ Բիչախչյանի խաղադաշտ դուրս գալուց րոպեներ անց Հայաստանի հավաքականը կրկնապատկեց հաշիվը՝ ըստ էության վճռելով հանդիպման ելքը։ Խոակին Կապառոսն ըստ էության կատարել էր բավական բարդ մի քայլ, որը մեր հավաքականի նախորդ մարզիչներին չէր հաջողվում անել։
Հիմա արդեն փաստ է, որ մերոնք ի զորու են հաղթել նաև թիմային խաղով։ Մնում է հուսալ, որ Կապառոսին առաջիկա հանդիպումներին կհաջողվի կրկնել էստոնացիների դեմ խաղում գրանցված հաջողությունը։
Կարծիքներ