ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, այն պետք է ծառայի ՀՀ ժողովրդին. Փաշինյան

ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին:
Այս մասին Կառավարության օգոստոսի 28-ի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրաստվո՞ւմ է իրականացնել ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային դատարանի որոշումը:
«Չի կարող, և դա բացառված սցենար է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին»,- հավելել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռի վերաբերյալ ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ հայտնել է, որ Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին:
Կարծիքներ