Արցախը ոչ մի պարագայում չի կարող Ադրբեջանի մաս կազմել. ԱԳ նախարար
Արցախը ոչ մի պարագայում չի կարող Ադրբեջանի մաս կազմել: Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման իրավունքի տեսանկյունից` «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը, հավելել, որ այդ իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով:
Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար - Վերջին պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում նշանակելու է Արցախն առանց հայերի: Մենք բոլորս հիշում ենք էթնիկ զտումները, որոնք Լեռնային Ղարաբաղի հետ ունեին անուղղակի կապ: Իրադարձությունները Սումգայիթում և Բաքվում, ինչպես նաև ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրագությունները, որոնք կատարել են Ադրբեջանի Զինված ուժերն Արցախի օկուպացված տարածքներում 44-օրյա պատերազմի ընթացքում, հաստատում են, որ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման պարագայում է հնարավոր ապահովել հայերի անվտանգությունն իրենց պատմական հողում:
Հայկական կողմը դիտարկում է հարցի լուծման բացառապես խաղաղ տարբերակը: Ընդ որում՝ մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ մինսկի խումբն է, և հենց այդ շրջանակում պետք է կայանա հարցի վերջնական քաղաքական լուծումը՝ հայտարարել է Այվազյանը, ընդգծելով՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերն առ այսօր լուծված չեն: Նույն կարծիքին են նաև համանախագահները: Այվազյանը նաև անդրադարձել է ստեղծված պայմաններում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին:
Արա Այվազյան - Պաշտոնական Երևանը մնում է հավատարիմ բանակցային գործընթացին: Այսօր մեր օրակարգում այդ գործընթացի վերականգման հարցն է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից: Հայաստանը կատարել է գերիների վերադարձի մասով իր պարտավորությունները՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մինչդեռ Բաքուն ստեղծում է հայ գերիների և պատանդ պահվող անձանց վերադարձի արհեստական և անհիմն խոչընդոտներ:
Արա Այվազյան - Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է հայ գերիների ցուցակը, հրաժարվում է ընդունել զինծառայողների և քաղաքացիական անձանց գերի պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների նկատմամբ կեղծ քրեական գործեր է հարուցում: Ադրբեջանի նման վարքագիծը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Գերիների շուտափույթ վերադարձն առաջնահերթություն է հայկական կողմի համար: Այվազյանն ընդգծել է՝ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում Մոսկվայի միջնորդական առաքելությունը, սակայն հարցի ձգձգումն ուղիղ մարտահրավեր է ինչպես հայտարարության երաշխավոր Ռուսաստանի համար, այնպես էլ միջազգային հանրության:
Ադրբեջանի ղեկավարն անդրադանալով այդ հարցին՝ ասել էր, որ Բաքուն բոլոր հայ գերիներին հանձնել է, իսկ մնացած անձինք, ըստ նրա, դիվերսանտներ են:
«Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում Այվազյանը նաև ասել է, որ Թուրքիան ակնհայտ բացասական դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում, ինչի վառ ապացույցն էր այդ երկրի ուղղակի մասնակցությունն այս պատերազմին:
Արա Այվազյան - Դա ակնհայտ երևաց, երբ Թուրքիան պատերազմի ժամանակ Մերձավոր Արևելքի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներից Արցախի դեմ ուղարկեց ահաբեկիչների և զինյալների, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին: Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցություն, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հակամարտության գոտի բերված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից՝ հավելել է արտաքին գերատեսչության ղեկավարը:
Կարծիքներ