Վրաստանը 5 տարվա ընթացքում կորցրել է պետական անտառների 500 քառ․ կմ-ը․ բնապահպաններ
Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը, Մարդու իրավունքների կենտրոնը և Վրաստանի կանաչ շարժումը համատեղ մամուլի ասուլիսում հայտնել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանը կորցրել է 500 կմ² պետական անտառատարածք: Այդ մասին հայտնում է jnews.ge-ն։
Տարածքը կազմում է Վրաստանի ամենամեծ ազգային պարկի՝ Բորժոմի-Խարագաուլի տարածքի կեսից ավելին։
Երեք կազմակերպությունները զեկուցել են, որ իրենց համատեղ հետազոտության համաձայն՝ 2016-2021 թվականներին Վրաստանի անտառային ֆոնդից 18․000 առանձին անտառային հատվածներ փոխանցվել են մասնավոր սեփականությանը, այդ թվում՝ Վրաց ուղղափառ եկեղեցուն և տեղական կառավարման մարմիններին։ Սեփականության իրավունքի փոխանցումից հետո շարունակվում են ծառերի «մշտական» հատումները։
Նրանք նաև կոչ են արել օրենսդիրներին մշակել օրենքներ՝ կրճատելու արդեն մասնավոր անձանց հանձնված անտառային հողերի հատումները, «անհապաղ միջոցներ ձեռնարկել» անտառի կարգավիճակը վերականգնելու համար, և բոլոր նորընտիր քաղաքապետներին կոչ են արել կասեցնել և վերանայել իրենց բոլոր նախկին որոշումները:
Զեկույցի համաձայն՝ անտառային տարածքների կրճատումը վերջին հինգ տարիների ընթացքում 12 անգամ գերազանցում է այն տարածքը, որը Վրաստանը խոստացել էր վերականգնել 2015 թվականի Փարիզի համաձայնագրով նախատեսված Ազգային ներդրումների փաստաթղթում, որին Վրաստանը միացել էր 2017 թվականին։
«Մենք միջազգային հանրությանը խոստացել ենք տնկել 4000 հեկտար (40 քառ. կմ) անտառ, փոխարենը կրճատվել է անտառի տարածքը 5000 հեկտարով (50 քառ. կմ)»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի բնապահպանական ՀԿ ցանցի գործադիր տնօրեն Նանա Ջանաշիան։
Կարծիքներ