Ես քեզ հետ եմ, մամ, քանի դու կաս ու ապրում ես․ զոհված Արտաշես Հակոբյան
Բարև,,, Իմ բարություն , իմ ջերմություն, իմ մեծահոգի ու բարեսիրտ, իմ թանկ, իմ Աստվածամայր: Չգիտեմ ի՞նչ ասեմ, շնորհակալություն թե՞ ներողություն։ Երևի սկզբում շնորհակալ լինեմ այս կյանքում ինձ կյանք տալու համար, սուրբ խրատներիդ ու երկնահառաչ աղոթքներիդ համար: Կներես մամ անթիվ անքուն գիշերներիդ համար, դատարկված հոգուդ, կոտրված սրտիդ ու անհույս աչքերիդ համար , կորած ժպիտիդ ու դառնացած կյանքիդ համար: Կներե՞ս, մամ, քո որդուն : Գիտեմ՝ հիմա կյանքդ կանգ է առել ու մոռանում ես նույնիսկ շնչել, խեղդվում ես արցունքի ծովում, բայց վստահ եմ, որ մի օր ազգիս հաղթանակը կսրբի արցունքներդ: Մամ, դու շատ ուժեղ ես, դու ես ինձ սովորեցրել ուժեղ լինել, պայքարել , դու հիմա պիտի ապրես իմ ու քո փոխարեն, դու պիտի ապրես հանուն իմ չապրած կյանքի ու պատվի համար, եթե ուզում ես որդիդ զորանա պիտի թողածս գործերը ամեն գնով կատարես : Ես կյանքս տվել եմ հանուն քո կյանքի և դու այլընտրանք չունես ու պետք է թանկ գնահատես այդ կյանքը: Աստված քեզ ուժ կշնորհի քո մաքուր ու ազնիվ սրտի համար , որի միջով մշտապես ճիշտն է հոսում և դու այդ բաց ու լուսավոր սիրտը երբեք չպետք է փակես խավարի մեջ: Մեր նպատակը պետք է նույնը լինի ''Միշտ առաջ ոչ մի նահանջ'': Գիտեմ դեռ սպասում ես ու թաքուն աղոթում, հավատա ես քեզ հետ եմ մամ քանի դու կաս ու ապրում ես : Մամ դու հասնում ես բոլորի հոգու խորքը ու հասկացնում, որ կա սեր ու կյանք, որի համար պետք է համառ պայքար , ի՞նչի չես կարող քո հոգուն բացատրել, ի՞նչի չես մոտենում իմ հոգուն , որ պարզես ես ի՞նչ եմ ուզում ,,,, Կյանքում ճակատագրերը շատ տարբեր են մամ, իմն էլ էս էր, կներես...
Արտաշես Գևորգի Հակոբյանը ծառայել է Ջաբրայիլում, ընկել է Կարմիր շուկայում հոկտեմբերի 28-ին։ Նամակը խմբագրություն է ուղարկել Արտաշեսի հարազատը։
Կարծիքներ