Հայերի և ադրբեջանցիների միջև կռիվը տարածվել է Կովկասի սահմաններից դուրս. Eurasianet-ի անդրադարձը
«Չնայած Կովկասում կրակոցները հանդարտվել են, սակայն հայերի և ադրբեջանցիների միջև աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող բախումների ու հարձակումների աննախադեպ շարքը շարունակում է յուղ լցնել հակամարտության կրակին»,-գրում է Eurasianet-ը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթվա ընթացքում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները բախվել են մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Լոս Անջելեսում: Աղբյուրը նկատում է, որ այս բախումների մասշտաբներն աննախադեպ են և լուսաբանման գլխավոր թեման են դարձել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլում:
«Երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչների բախումները հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած բռնության հետևանքն են: Եվ չնայած, որ ծանր բախումները տևել են ընդամենը մի քանի օր, լարվածությունն ու հույզերը շարունակել են բարձր մնալ ոչ միայն Հայաստանում և Ասդրբեջանում, այլև աշխարհի այլ կետերում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների շրջանում»,-շարունակում է աղբյուրը՝ հիշեցնելով, որ առաջին լուրջ դրվագը տեղի է ունեցել Մոսկվայում, երբ ծագումով ադրբեջանցի գործարարն իրեն պատկանող շուկայում արգելել է հայկական ծիրանի վաճառքը: Թեև այս պատմությունը խաղաղ ավարտ է ունեցել, սակայն ֆիզիկական բախումներ են արդեն սկսվել Մոսկվայում և Ռուսաստանի այլ հատվածներում:
Այնուհետև անդրադարձ է արվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի մոտ, ինչպես նաև Բելգիայում, Մոսկվայում տեղի ունեցած դեպքերին:
Նշվում է, որ թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ԱՄՆ դեսպանատները հուլիսի 25-ին հանդես են եկել նույնանման հայտարարություններով՝ կողմերից որևէ մեկին ուղղակիորեն չմեղադրելով, սակայն դատապարտելով բռնության ակտերը:
«Շատերը նաև նկատում են, որ ազգամիջյան բախումների նման մասշտաբ չկար նույնիսկ 2016թ., երբ երկու երկրների միջև բախումներն ավելի լուրջ էին. չորս օրում զոհվել էր ավելի քան 200 մարդ»,-գրում է աղբյուրը՝ հավելելով, որ բռնության ալիքի մետաստազավորմանը զուգահեռ մի խումբ հայեր ու ադրբեջանցիներ համատեղ հայտարարություն են տարածել՝ կողմերին խաղաղության կոչ անելով: Հայտնի է, որ հայտարարությունը ստորագրել է արդեն 153 մարդ:
«Ինչ վերաբերում է հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում դեպքերի լուսաբանմանը, ինչպես նաև սոցկայքերում քննարկումներին, ապա կողմերից յուրաքանչյուրն իրեն ներկայացրել է զոհի կարգավիճակում»,-եզրափակում է աղբյուրը:
Կարծիքներ