Ադրբեջանցի լրագրողի ազնիվ հոդվածը Ալիեւի հրահրած պատերազմի մասին. mediamax.am

Ադրբեջանցի լրագրողի ազնիվ հոդվածը Ալիեւի հրահրած պատերազմի մասին. mediamax.am

Ազգությամբ ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլան, ով արդեն երկար տարիներ բնակվում է Ստամբուլում, Խաղաղության եւ պատերազմի ինստիտուտի համար գրել է «Ղարաբաղ. Ատելությունն ու էյֆորիան սնում են խելագարությունը» վերտառությամբ հոդվածը:

 

«Էյֆորիայի այս զգացումը ինձ համար դժվար է հասկանալ ու ընկալել: Ինչպե՞ս մենք կարող ենք տոնել տարածքների գրավումը, երբ առաջնագծում զինվորներ են մահանում: Կա հիստերիա, որը զազրելի հետապնդման է ենթարկում բոլոր նրանց, ովքեր դեմ են այս պատերազմին եւ հանդես են գալիս դրա անհապաղ դադարեցման օգտին: Սոցիալական ցանցերում ես տեսնում եմ գրառումներ մարդկանց կողմից, ովքեր պարզապես ինչ-որ մեկին կորցրել են կամ իրենց սիրելիին հոսպիտալացրել են: Նրանք լցված են բարկությամբ պատերազմի համար վճարված այս գնի համար, պատերազմի, որն իրենցը չէ: Ի պատասխան, ես տեսնում եմ անթիվ մեկնաբանություններ, որոնք բորբոքվում են կույր ազգայնականությամբ, պահանջում են այդ մարդկանց լռել, դադարել հուզվել եւ մտածել ապագայի մասին, քանի որ երբ Ադրբեջանը վերադարձնի այդ տարածքները, այլեւս պատերազմ չի լինելու, եւ կյանքը կվերադառնա բնականոն հուն:

 

Ես հասկանում եմ այս հակամարտությունը: Ես հասկանում եմ, թե ինչ է ասում միջազգային իրավունքը: Ես հասկանում եմ, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Այն, ինչ ինձ համար անհնար է հասկանալ, պատերազմի քարոզչության, ազատագրված գյուղերի պատկերների եւ նախագահի հուզական ելույթների արդյունքում սնվող այս մտածելակերպն է»,- գրել է ադրբեջանցի լրագրողը:

 

Նա հարց է տալիս, թե արդյո՞ք մարդիկ տառապում են հիշողության կորստով:

 

«Նրանք չգիտե՞ն, որ այս նախագահն է ձգում այս հակամարտությունը այս ամբողջ ընթացքում: Արդյո՞ք նրանք չեն հիշում, որ այս հակամարտությունը տարիներ շարունակ օգտագործվել է որպես սակարկության գործիք: Նրանք մոռացե՞լ են կոռուպցիայի, կեղծված ընտրությունների մասին: Իլհամ Ալիեւը ճնշել է քաղաքացիական հասարակությունը, այդքան դժբախտացրել նախկին եւ ներկա քաղբանտարկյալների անթիվ ընտանիքներին, լռեցրել է ազատ լրատվամիջոցները: Այս պատերազմը միակ խաղաքարտն է, որ մնացել է Ալիեւին՝  իր իշխանությունը օրինականացնելու համար: Նա ցմահ նախագահ է լինելու: Եվ ուրեմն, սա մեզ ո՞ւր է տանում: Կոռումպացված, ոչ ժողովրդավար նախագահը ղեկավարելու է երկիրը ՝ միեւնույն ժամանակ շարունակելով ճնշել անկախ ձայները»,- գրել է Արզու Գեյբուլան:

 

Հեղինակը անդրադարձել է նաեւ Թուրքիայի դերակատարությանը: «Թուրքիան, որը եղել է լարվածության թուլացման կողմնակից, հիմա հանկարծակի խոսում է հօգուտ պատերազմի: Ես ապրում եմ Թուրքիայում շուրջ 20 տարի եւ երբեք չեմ տեսել, որ Ադրբեջանը լուրերում հիշատակվեր այնքան, որքան վերջին շաբաթվա ընթացքում: Ուրեմն ինչու՞ է Թուրքիային, այսպես կոչված, եղբայր երկրին, այդքան ձեռնտու է այս վերջին սրացումը: Ի՞նչ հետաքրքրություններ ունի այն: Ղարաբաղի թեման այս ամբողջ ժամանակ կար, ի՞նչը փոխվեց: Արդյո՞ք պատճառն այն է, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել իր տարածաշրջանային առաջնորդությունը եւ ինչ-որ բան ապացուցել Ռուսաստանին: Եթե այո, ապա ո՞ւմ հաշվին եւ ի՞նչ գնով»,- նշում է լրագրողը:

Մանրամասները՝ mediamax.am- ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում