Ճանաչում են դաստիարակին. ծնողները չեն բաձրաձայնում երեխայի՝ մանկապարտեզում բռնության ենթարկվելու մասին

Ճանաչում են դաստիարակին. ծնողները չեն բաձրաձայնում երեխայի՝ մանկապարտեզում բռնության ենթարկվելու մասին

Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում, ծեծում երեխային:

Դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտե հաղորդում էր ներկայացրել Վեդիի «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենը, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դայակը սկզբում 72 ժամով էր ձերբակալվել, հուլիսի 29-ին քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նա կշարունակի գտնվել արգելանքի տակ․ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Ավելի ուշ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Փոքր Վեդիի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը նկատել էր, որ բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։ 

«Ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի»,- ասել էր նա։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախևառաջ շեշտել է, որ երեխաները հասարակության ամենախոցելի խումբն են, որոնք գտնվում են իրենց ծնողների կամ խնամակալների հսկողության տակ։

«Այսինքն՝ իրենց նկատմամբ գործադրած անթույլատրելի վերաբերմունքի սահմանը հենց ծնողի կամ խնամակալի միջև է։ Այս հարցի շուրջ պետք է առաջինը հասարակությունը փոխի իր պատկերացումը, երեխան պետք է լինի պաշտպանված և՛ դրսում, և՛ տանը: Մեր հասարակության մեջ առկա անընդունելի ասացվածքներ կան՝ «հայրական ապտակ», «ծեծը դրախտից է եկել», դրանցով դեռ շարունակում են առաջնորդվել, և դա պրոյեկտել, որովհետև մտածում են՝ «երեխա է, պետք է ուժեղ դաստիարակես, բա ի՞նչ, գնա դառնա թմրամո՞լ»։ Այսպիսի արդարացումներ են դնում, բայց չեն դիտարկում, որ երեխան մեծահասակներից պաշտպանություն է հայցում, մեծերի աշխարհը պետք է ապահով լինի, և երբ երեխայի ու մեծահասակի միջև վստահությունը խաթարվում է, նրա աշխարհի վերաբերյալ պատկերացումն էլ է ամբողջովին խաթարվում։

Արդյունքում, մեծանում է տրավմատիկ անձ, որը ընդունում է՝ ինքը թույլ է, անընդհատ պետք է ծեծ ուտի կամ էլ պետք է իրենից թույլին բռնության ենթարկի»,- ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ երեխաների նկատմամբ ցանկացած բռնության դեպքի մասին առաջին հերթին պետք է արձագանքի և բարձրաձայնի ծնողը, որպեսզի երեխան չկորցնի ծնողի հանդեպ վստահությունը։ Ըստ նրա՝ շատ հաճախ դայակները արդարացնում են իրենց կողմից ուժի կիրառումը՝ նշելով, որ տվյալ պահին երեխային վերաբերվում են որպես ծնող։ Ուստի, այստեղ զարմանալի է, թե ինչո՞ւ բռնության ենթարկված երեխայի ծնողները չեն բողոքել:

«Ի՞նչ է նշանակում՝ ծնողը չի բողոքում։ Ախր ծնողն առաջին պաշտպանն է երեխայի։ Եթե վաղը երեխան հանդիպի սեռական բռնության, չի բարձրաձայնի այդ մասին, քանի որ չի տեսել մարմնական պատժի ու ֆիզիկական բռնության դեպքում արձագանքը, նա կդադարի վստահել նման մեծահասակին։ Այստեղ մեծահասակների պատկերացումն է, թե ո՞վ է երեխան մեր հասարակության մեջ»,- շեշտել է բանախոսը։

 

Անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում վերջին դեպքին և նման դեպքերը կանխելուն ուղղված քայլերին՝ Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ առաջին հերթին պետք է բարձրացնել հանրային իրազեկվածությունը. «Կարևոր է, որ նման դեպքերում առաջին քայլերը իրականացնեն և արագ արձագանքեն երեխային ամենամոտ կանգնած կառույցները՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, ԿԳՄՍ նախարարությունը, համայնքապետարանը և երեխաների հետ առնչվող բոլոր կառույցները»:

 

Նա հավելել է, որ թե՛ մարմնական, թե՛ ֆիզիկական պատիժները արգելված են բոլոր տիպի կոնվենցիաներով, ներպետական օրենսդրությամբ, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների առաջին պաշտպանության օղակն է։

 

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ, սակայն, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանի, կան օրենսդրական բացեր, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների համագործակցության և հասարակության իրազեկվածության բացակայություն:

 

Օրինակ, կոնկրետ այս դեպքով ինչպիսի՞ աջակցություններ են տրամադրվել, արդյո՞ք պետությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համապարփակ կերպով ուսումնասիրի դեպքը և անհրաժեշտության պարագայում քայլեր ձեռնարկի բոլոր ասպեկտներով: Արձանագրված խնդիրները երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու տեսանկյունից բազմաթիվ են, իսկ այս գործընթացների մեջ դեպքերն ունեն օրենսդրական և համապարփակ ռազմավարությունների հետ կապված առանձին խնդիրներ, կան նաև համագործակցության բացակայության հետ կապված հարցեր։

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան այս ամենի, Ժաննա Հակոբյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունների տեսակետից այս տարի ընդունվել է նոր կետ, որտեղ հստակ նշված են այն գերատեսչությունները, որոնք ունեն պարտավորություններ՝ արձագանքելու երեխայի հանդեպ բռնությանը և համագործակցելու միմյանց հետ, դրանք են՝ ԿԳՄՍ նախարարությունը, ոստիկանությունը, ուսումնական հաստատությունները, խնամակալության և հոգաբարձության մարմինները:

Վիկտորյա Արեստակյան էլ, որը 2020 թվականին մանկապարտեզում բռնության ենթարկված երեխաների մայր է, նկատել է, որ նման դեպքերում պատժի պետք է արժանանան ոչ միայն դայակը, որը գնացել է նման քայլի, այլ նաև տվյալ մանկապարտեզի տնօրենը․ «Խոսվում է տարբեր կանխարգելիչ միջոցների մասին, բայց մինչև դա արվի, կարող եմ ասել, որ հստակ է՝ կարճաժամկետ լուծում չի կարող լինել միայն դաստիարակին պատժելը, խնդիրը միայն այդպես լուծում չի ստանում։ Պետք է մանկապարտեզի տնօրենն էլ իմանա, որ եթե իր մանկապարտեզում է նման դեպք գրանցվում, ինքն էլ է պատժվելու»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում