Քննարկվելու է խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Խամոյան

Քննարկվելու է խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Խամոյան

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ի պատասխան հարցումների, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ պատգամավոր Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։

«Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։

Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:

Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։

Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկությունները՝ ավելի ուշ»,- գրել է Խամոյանը:

Նկատենք, որ Գեղամ Նազարյանի շուրջ ընդդիմադիր շրջանակները աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ նա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ գնացել էր Վիետնամ և նրա ու իշխող խմբակցության պատգամավորների հետ լուսանկար հրապարակել:

Անդրադառնալով այս քննադատություններին՝ Ալեն Սիմոնյանը գրել էր. «Պարզվում է՝ մեր ընդդիմությունը օրակարգի փնտրտուքի մեջ իր համար թիրախ գտավ իր իսկ խմբակցության անդամին՝ պատգամավոր Գեղամ Նազարյանին, և պատգամավոր Նազարյանի «մեղքն» այն է, որ նա ինձ հետ Վիետնամ է եկել հերիք չէ, նաև լուսանկարվել է ինձ հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում