Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումն ուղեկցվում է հանրահավաքով
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում օտարերկրյա գործակալների մասին վրացական և ամերիկյան օրինագծերի քննարկումն ուղեկցվում է օրենսդիր մարմնի շենքի մոտ հանրահավաքով։ Այսօր բողոքի ակցիան հեռարձակում են տեղական հեռուստաալիքները։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Խորհրդարանի կենտրոնական և ծառայողական մուտքերի մոտ վաղ առավոտից հավաքվել են ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներ՝ բողոքելու օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկման դեմ։
Ցուցարարները պահանջում են չընդունել օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ դա հակասում է Վրաստանի եվրոպական ուղեգծին: Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը, որն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի թարգմանությունն է։
Փաստաթղթի վրացական տարբերակի համաձայն՝ օտարերկրյա ազդեցության գործակալ պետք Է համարվի այն իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20%-ը գալիս է արտերկրից։ Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող են լինել նաև զանգվածային լրատվամիջոցները, ընդ որում՝ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։ Օրինագիծը հարուցել Է ինչպես ընդդիմության, այնպես էլ արևմտյան քաղաքական գործիչների խիստ քննադատությունը՝ օրենսդրության մեջ օտարերկրյա գործակալ հասկացության ներառման պատճառով։ Ընդ որում, գաղափարի հեղինակները՝ «Ժողովրդի ուժը» հասարակական շարժումը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները, ժխտում են ռուսական օրենսդրության հետ նմանությունը։ Նրանց խոսքով՝ նոր օրենքն անհրաժեշտ է այն սուբյեկտների աշխատանքի թափանցիկության համար, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից: Այսօր հայտնի Է դարձել, որ օրինագծի երկու տարբերակներն էլ կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության, իսկ մինչ այդ խորհրդարանը կքվեարկի առաջին ընթերցմամբ:
Կարծիքներ