Ադրբեջանը տապալում է միջազգային սկզբունքները. ռազմական կոնֆլիկտը շարունակվում է. Արման Թաթոյան

Ադրբեջանը տապալում է միջազգային սկզբունքները. ռազմական կոնֆլիկտը շարունակվում է. Արման Թաթոյան

Ադրբեջանը տապալում է միջազգային սկզբունքները. ռազմական կոնֆլիկտը շարունակվում է. Արման Թաթոյան

12:36, 18.04.2021

Տարածաշրջան:Աշխարհում, Հայաստան, Արցախ, Ադրբեջան
Թեմա: Քաղաքականություն


 

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակը եւ պատերազմը՝ խախտումների բնույթներն ավելի շատ են, այդ պատճառով ստացվել են շուրջ 2 հազար էջանոց զեկույցներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանի խոսքով՝ հարցերն այնքան շատ են, որ առանձնացնելը պայմանական կլինի. «Այսօրվա մեր առաջնահերթ խնդիրն է՝ մեր երկրում համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Ցավոք սրտի, անհանդուրժողականության մակարդակը շատ մտահոգիչ աստիճանի է։ Վտանգավոր չափերի են հասնում ատելության, վիրավորանքի, բռնության կոչերի, արդարացնելու այդ հրապարակային գրառումները։ Այս ամենն էլ ավելի է խորացնում բեւեռացումը, ինչն անթույլատրելի է։ Քաղաքական համակարգը չպետք է ծառայի իշխանավեճի տարբեր թեմաների, այլ դրանց հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքների համակարգի հարցը։ Մեր առաջնահերթ խնդիրն է՝ զինված հարձակումների ավարտից հետո այս հետպատերազմական իրավիճակում ամրագրել այն խախտումները պրոֆեսիոնալ սկզբունքներով, մոտեցումներով, այն ընթացակարգերով, որոնք ուղղված են ադրբեջանական զինված ուժերի խախտումների վերլուծությանը»։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունները տանում են ֆաշիստական բնույթի ծայրահեղ ատելությամբ լցված քաղաքականություն, որն ամեն օր ստանում է ահագնացող դրսեւորումներ:

«Առաջնային խնդիր ունենք նաեւ սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված։ Պատերազմից հետո առկա իրավիճակը հանգեցրել է սահմանային մեր բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների, խոսքը գնում է սեփականության, այլ սոցիալ-տնտեսական իրավունքների եւ վտանգել է կենսական կարեւորության իրավունքներ»,- նշեց նա։

Նա ասաց, որ զեկույցը հրապարակված է, դրանով իրենք ապահովում են նաեւ լայն հրապարակայնություն, ինչպես նաեւ պարբերաբար հրապարակում են զեկույցից հատվածներ. «Այն ուղարկել ենք նաեւ Խորհրդարան, ՀԿ-ներին, գործադիր իշխանության մարմիններին։ Զեկույցն օբյեկտիվ է, դրանում ամրագրված է ինչպես դրական զարգացումները, այնպես էլ խնդիրները։ Զեկույցը նաեւ գնահատականներով ունի խստություն, դա անհրաժեշտ է՝ ելնելով կոնկրետ խնդրի բնույթից։ Ես չեմ շարժվում այն մտայնությամբ, թե ով ծանր կտանի ու ոնց կտանի։ Սկզբունքային մոտեցում է, ներկայացրել եմ բոլոր պահանջները, ներկայացված են բոլոր գնահատականները՝ առաջարկներով»։

Արման Թաթոյանը շեշտեց, որ տարեկան հաղորդման մեջ չկա որեւէ հարց, որը չունի կոնկրետ առաջարկ. «Յուրաքանչյուր խնդիր ունի կոնկրետ լուծման առաջարկ։ Մենք յուրաքանչյուր անգամ ամրագրել ենք դրական զարգացումներ։ Զեկույցում ունենք հարցեր, որոնք առնչվում են նոր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրներին, որոնք արձանագրվել են։ Երեկ հայտարարություն տարածեցինք, որ մանկապարտեզների ընդունելության հետ կապված խնդիրներ են եղել։ Հիվանդանոցներում բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրներ են եղել, անվճար դեղեր ստանալու արդյունավետության հետ կապված, արձանագրել ենք, որ չկա վստահություն պոլիկլինիկաների նկատմամբ։ Ունենք խնդիրներ ազատությունից զրկածների վայրերի հետ կապված։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել նաեւ երեխաների իրավունքներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին»։

Անդրադառնալով սահմանային խնդիրներին՝ պաշտպանը նշեց, որ սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրներ ունենք, քանի որ մեր բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվել.

«Սյունիքում պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հայտնվելու պատճառով, ընդ որում նրանց՝ այդտեղ հայտնվելն ամբողջությամբ հակասում է մարդու իրավունքների սկզբունքներին եւ ապալեգիտիմ է, դրա արդյունքում կոպտորեն խախտված են ՀՀ քաղաքացիների, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, սեփականության, ձեռնարկատիրության գործունեության այլ իրավունքներ։ Լրջորեն վտանգված է կյանքի, առողջության, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի մի շարք իրավունքներ։ Այս պատճառներով եմ նաեւ նշում, որ պետք է ստեղծվի անվտանգության  գոտի։ Ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ զորքերի ծառայողները իրենց ցուցանակներով, դրոշներով, ցանկացած ներկայությամբ այդտեղից պետք է հեռանան»։

Արման Թաթոյանի խոսքով՝ այդ տարածքները, որտեղ նրանք այսօր տեղակայված են, եւ որի պատճառով խոչընդոտներ են առաջացել ՀՀ քաղաքացիների համար, պետք է ազատ ու անվտանգ լինեն՝ սկսած արոտավայրերից. «Միջազգային կանոն է, որ սահմանի հետ կապված ցանկացած գործընթացի արդյունք չպետք է առաջացնի մարդու իրավունքների խախտումներ, իսկ այսօր դա այդպես է։ Այն, որ խախտումներ են առկա, ես ներկայացնում եմ նաեւ միջազգային կառույցներին, իսկ անվտանգության գոտու հետ կապված հիմա լրացուցիչ հայեցակարգի կարեւոր դետալներ ենք մշակում, որոնք նույնպես ներկայացնելու ենք միջազգային կառույցներին»։

Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունները հիմա փորձում են տպավորություն ստեղծել, թե իրավունքներ չեն խախտվել. «Դա իրականությանը որեւէ կերպ չի համապատասխանում։ Այնտեղ որեւէ իրավական հիմնավորում չկա իրենց՝ այնտեղ ներկայության համար։ Թվացյալ այն պնդումները, թե դա նրանց տարածքն է, ես դա ընդհանրապես չեմ ընդունում, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես երկու ինքնիշխան պետություններ՝ չի եղել դեմարկացիա. սա հայտարարել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, սահմանների անորոշության մասին հայտարարել է նաեւ ՀՀ նախագահը»։

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ Ադրբեջանն այդ հարցը ակնհայտորեն քաղաքականացնում եւ շահարկում է տարբեր հարթակներում. «Ադրբեջանի նպատակն է նաեւ օգտագործելով մեր հայրենակիցների՝ գերի լինելու փաստը եւ այստեղ լարված պահել մթնոլորտը։ Նրանք հասկանում են, որ դա այստեղ էլ է շահարկումների հանգեցնում, հոգեկան տառապանքներ է պատճառում նրանց ընտանիքներին։ Իրավունք չունի երկիրը նման կերպ վարվել, ռազմական գործողությունների դադարից հետո պետք է անմիջապես վերադարձնեին գերիներին՝ առանց որեւէ նախապայմանի։ Ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, ինչպես եղել է նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ հետո»։

Նա նշեց, որ այստեղ պետք է լայնածավալ միջազգային կառույցներով աշխատանք տանել. «Ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է՝ իրավական ատյանները հնարավորինս հեռու պահել այս հարցից, որովհետեւ սրա քաղաքականացումը ձեռնտու է։ Մենք պետք է միջազգային ճնշումներով թույլ չտանք դա անել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում