Մեզ անհրաժեշտ է բաց եւ անկեղծ երկխոսություն Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն
Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել «կարմիր գծեր», որոնք խախտելու համար կկիրառվեն պաժտամիջոցներ: Սակայն պատժամիջոցներն ինքնին բավարար չեն՝ չնայած դրանք կազմում են համալիր միջոցառումների մաս: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել Մոսկվայի հետ հարաբերություններում երկկողմանի մոտեցում: Եւ այդ համատեքստում Մակրոնն ընդգծել է երկխոսության կարեւորությունը: «Եթե մենք ցանկանում ենք համակարգ, որը կլինի ավելի լավը սպառազինությունների շուրջ վերահսկողության առումով, եթե մենք ցանկանում ենք կայունացնել աշխարհում ներկայիս հակամարտությունների մեծամասնությունը, մեզ անհրաժեշտ է բաց եւ անկեղծ երկխոսություն Ռուսաստանի հետ»,-ասել է Մակրոնը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ տարաձայնությունների դեպքում անհրաժեշտ է տալ հստակ ազդանշաններ: «Կարծում եմ անընդունելի վարքի դեպքում մենք իսկապես պետք է սահմանենք պատժամիջոցներ: Դա այն է, ինչ մենք արել ենք Ուկրաինայից հետո եւ տեղի ունեցած մի շարք ճգնաժամերի դեպքում: Մենք պետք է սահմանենք կարմիր գծեր Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը նշել է, որ պատժամիջոցներն ինքնին բավարար չեն, սակայն դրանք անհրաժեշտ միջոցառումների թվին են պատկանում:
Ավելի վաղ Ելիսեյան պալատում հայտնել էին, որ առաջիկայում Ֆրանսիայի նախագահը կանցկացնի բանակցություններ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ որոշումը հայտարարվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո:
Կարծիքներ