Ղազախստանում հայտարարել են երկրի բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին

Ղազախստանում հայտարարել են երկրի բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին

Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, իրավիճակը կայունացել է։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Երլան Տուրգումբաևի հայտարարության մեջ, որը այսօր՝ կիրակի, տարածել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ներկայումս հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է երկրում կարգուկանոնը վերականգնելու համար: Այսօր իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում: Իրավապահ ուժերն ազատագրել են նախկինում գրավված աքիմաթների (տեղական ինքնակառավարման մարմինների) շենքերը: Վերականգնվում են կոմունալ հարմարությունների և կենսապահովման համակարգերի աշխատանքը»,-ասել է նա։

Նրա խոսքով, նախկինում առանձնապես ծանր իրավիճակ էր ստեղծվել Ալմաթիում, որտեղ հունվարի 5-ին մոտ 20 հազարանոց կազմակերպված ամբոխը փորձել էր գրավել տեղական վարչակազմի շենքը։ Նրանց թվային զգալի առավելության շնորհիվ հաջողվել է ճեղքել պաշտպանության մի քանի գիծ ու ներթափանցել շենք, որի ներսում ավերածություններ, անկարգություններ ու հրդեհ է կազմակերպվել:

«Միևնույն ժամանակ, ցուցարարներն ամենուր դրսևորել են կազմակերծված վարքահիծ, նրանց գործողություններում կար կարգապահություն և համախմբվածություն։ Նրանց գտնվելու վայրերում և հարձակումից առաջ անջատվել են տեսահսկման տեսախցիկները, արգելափակվել են ճանապարհները, դիտորդներ են տեղակայվել ճանապարհների պարագծով։ Իրենց գործողությունները համակարգելու համար նրանք օգտվել են ռադիոկայաններից»,- ասել է ՆԳ նախարարը։

Նա նշել է, որ մոտ 800 ցուցարարներ գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանը։ Արդյունքում չեղարկվել է 60 մեկնում և 56 ժամանում, թալանվել են օդանավակայանի շենքի բոլոր բուտիկները, խանութները և տոմսարկղերը։

Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների:

Մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով  կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է:

Խառնաշփոթն սկսվել է այն բանից հետո, երբ մեքենաների համար օգտագործվող հեղուկ գազի գինը կրկնապատկվել է: Սրանից դժգոհ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները, որոնք գտնվում են նավթարդյունահանող Մանգիստաու շրջանում, դուրս են եկել հանրահավաքների։ Հանրապետության էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի ինքնարժեքն սկսել է ձևավորվել էլեկտրոնային բորսայում ինքնաբերաբար՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Հունվարի 4-ին իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ բողոքի ցույցերը շարունակվեցին ավելի մեծ թափով, հետո Տոկաևը պաշտոնանկ արեց կառավարությունը։ Նա նաև հայտարարեց, որ դառնում է Անվտանգության խորհրդի ղեկավար, որը նախկինում ղեկավարում էր Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Կառավարությունը սահմանեց բենզինի և դիզվառելիքի գների պետական կարգավորում 180 օրով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում