«Առավել կկանոնակարգվի մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը». Դանիել Դանիելյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ԱԺ այսօրվա նիստում ներկայացրել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունից և պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը:
«Այն համահունչ է նաև ՀՀ կառավարության 2021-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրին: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպություների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելի ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալն ընդգծել է՝ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը, «Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն» եզրույթի սահմանմանը:
Ըստ նախագծի՝ աշխարհում և Հայաստանում, մասնավորապես՝ մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողներ» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է: «Ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» ասելով՝ նկատի է առնվում որևէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, որը գրանցված է հարկային դաշտում և ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը:
Առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է մշակույթի որևէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, որը զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ:
Առաջարկվում է նաև օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում խմբագրում կատարել՝ «ազգային» բառը փոխարինելով «պետական» բառով:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:
«Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ «պետական» անվանումը կրող կազմակերպությունները ներկայում ունեն և՛ համապետական, և՛ մարզային, և՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «պետական» անվանումը պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին։ Հետևաբար, պետք է կիրառվի տարբերակված մոտեցում»,- ասել է Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ներկայացնելով մյուս փոփոխությունները, նշել է՝ մի շարք գործառույթներ վերապահվել են մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին: Նրա խոսքով՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:
Կարծիքներ