Ավստրալիայի ամենահին միկրոպետությունը համավարակի պատճառով դադարեցրել է գոյությունն ու «հանձնվել» Ավստրալիային
Ավստրալիայում գտնվող Հաթ Ռիվերի իշխանությունը (վիրտուալ պետություն Ավստրալիայում, որը հիմնվել է 1970 թվականին Լեոնարդ Քեսլիի կողմից), որը գոյություն է ունեցել կես դար, կորոնավիրուսային համավարակի պատճառով որոշել է «հանձնվել» Ավստրալիային:
Այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ Հաթ Ռիվերի իշխանությունն առանձին անձնագրեր էր տրամադրում և մի անգամ նույնիսկ պատերազմ է հայտարարել Ավստրալիային: Սակայն վերջին տարիներին, այն առավելապես ծառայում էր որպես զբոսաշրջային գրավչություն:
Կորոնավիրուսային համավարակի ֆոնին Հաթ Ռիվերի իշխանությունը կանգնել է լուրջ հարկային խնդիրների առաջ, որոնք էլ իշխանություններին ստիպել են ի վերջո «հանձնվել» Ավստրալիային:
Հայտնի է, որ Հաթ Ռիվերի պատմությունը որպես միկրոպետություն սկսվել է 1970թ., երբ այժմ արդեն հանգուցյալ արքայազն Լեոնարդ Քեսլին հայտարարել է, որ Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչական կենտրոն Պերտ քաղաքից 500 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում շրջանային իշխանություն ստեղծելու իրավունք ունի: Արդյունքում Հաթ Ռիվերի իշխանությունը հիմնվել է Քեսլի ընտանիքի՝ 75 ք/կմ մակերեսով ֆերմայի տարածքում: Այն իր չափով կրկնակի մեծ է Մակաոյից, սակայն բնակեցված է երեսունից պակաս բնակչով:
Հատկանշական է, որ Հաթ Ռիվերի իշխանությունը, Ավստրալիայի կառավարության կողմից ճանաչված չլինելով հանդերձ, գործում էր որպես անկախ պետություն՝ տրամադրելով այցագրեր, վարորդական իրավունք, անձնագրեր, թողարկելով իր սեփական արժույթը, նամականիշերը, ունենալով իր պետական դրոշն ու աշխարհի տասը երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, պետական ներկայացուցչությունները:
Սակայն արքայազն Լեոնարդի՝ փետրվարին մահանալուց հետո պարզվել է, որ իշխանությունը 2,15 մլն դոլարի հարկային պարտք ունի, որի պատճառով նրա հետնորդը՝ արքայազն Գրայեմ Քեսլին, ստիպված է եղել հայտարարել, որ վաճառում է հողը պարտքերը մարելու նպատակով:
«Շատ տխուր է տեսնել՝ ինչպես ես կես դարի ընթացքում հորդ կառուցածը ստիպված լինում փակել: Բայց հիմա շատ ծանր ժամանակներ են թե՛ տնտեսապես, թե՛ առողջապահական տեսանկյունից: Համավարակի ազդեցությունը մեզ վրա ևս անդրադառնում է»,-նշել է արքայազն Գրայեմ Քեսլին:
Նշվում է, որ 1969թ. Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչակազմը քվոտա է սահմանել ցորենի աճեցման համար, ինչը վտանգել է տարածքի շատ ֆերմերային տնտեսությունների գոյությունը: Քեսլի ընտանիքն օրենքներն այնպես է մեկնաբանել, որ դրանք նրանց իրավունք են տվել ձևավորել իրենց սեփական կառավարությունն ու անկախանալ Ավստրալիայից: Քվոտաների վերաբերյալ երկարացված բանավեճերի արդյունքում 1970թ. Լեոնարդ Ջորջ Քեսլին պաշտոնապես անկախացել է Ավստրալական միությունից և 1970 թվականի ապրիլի 21-ից ղեկավարել նոր ձևավորված Հաթ Ռիվեր գավառը:
Կարծիքներ