Նասիմ Թալեբի INCERTO շարքը ներկայացվեց ընթերցողին

Նասիմ Թալեբի INCERTO շարքը ներկայացվեց ընթերցողին

Ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Թալեբի համաշխարհային բեսթսելեր INCERTO շարքը հայերեն թարգմանությամբ դրվեց ընթերցողի սեղանին։

FreeNews-ի փոխանցմամբ՝ «Անտարես» հրատարակչությունը և «Կողբ» հիմնադրամը հոկտեմբերի 7-ին անցկացրին այս գրքերի շնորհանդեսը: Միջոցառումը մեկնարկեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի՝ ինտելեկտուալ երաժշտության մասին խոսքով եւ ուղեկցվեց նրա կողմից հատուկ կազմված դասական համերգային ծրագրով։ Հնչեցին Կոմիտասի, Ստրավինսկու, Մանսուրյանի, Միրզոյանի ստեղծագործությունները՝ շեփորահարի, դասական քառյակի եւ երգչախմբի կատարմամբ։ Ներկայացվեց ինքնատիպ պարային բեմադրություն Ստրավինսկու «Весна священная» ստեղծագործության հիման վրա։

«Երբ քեզ սովորեցնում են, բայց դու ծարավ չես կամ պատրաստ չես ընդունել գիտելիքի և հմտության թուրմը, ապա ձևը  սկսում է գերադասել բովանդակությանը։ Երբ ինքդ ես փնտրում գիտելիքը և ուսուցչին, ու բախտդ բերում է՝  գտնում ես նրան, ունենում ես բովանդակություն, որը ներդաշնակ է ձևին: Թալեբ արաբերեն նշանակում է աշակերտ, սովորող։ Թալեբը չի վարանում  անընդհատ սովորել, սխալվել՝ նախընտրելով սովորել ուրիշների սխալների վրա՝ այլ ժամանակների, այլ ժողովուրդների, այլ մարդկանց։ Միայն հավերժ ուսանողը, հավերժ  պրպտողը, հավերժ հետազոտողն է մոտենում ճշմարտությանը, գտնում բանալիներ թե՛ իր, թե՛ այլոց համար։ Այն մարդն, ով հագեցել է սովորելուց, դառնում է ձև, ֆուտլյար։ Մենք այսօր եկել ենք այստեղ՝ կարևորելու բովանդակությունը»,-իր խոսքում նշել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն ընդգծեց, որ որպես հեղինակ՝ Նասիմ Թալեբին տարբերակող գլխավոր հատկանիշը նրա գրքերի ու մտքերի օգտակարությունն է իրական կյանքում, պրակտիկայում:

«Թալեբի կոնցեպտները, վերլուծություններն ուղղված են մարդկային մտածողության սխալների, թերությունների, բացերի նվազեցմանն ու հաղթահարմանն՝ ինչպես անհատական, այնպես էլ հանրային մակարդակում։ Վերափոխված մտածողության շնորհիվ միայն մեր ապագան կարող է շահեկանորեն տարբերվել մեր անցյալից ու ներկայից։ Թալեբի գրքերի շնորհանդեսը նույնպես պրակտիկ օգտակարություն ունի. միջոցառման ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը ուղղվելու է Հայաստանի մարզերում ֆիզիկա-մաթեմատիկական, ինժեներա-տեխնիկական կրթության զարգացմանը, առանց որի մեր այդքան կարեւորվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը երկարաժամկետ կայուն զարգացման հեռանկար չունի»,-նշեց Արման Բարսեղյանը:

Ներկաները հնարավորություն ստացան դիտելու Նասիմ Թալեբի ուղերձը, որից հետո գրքերի թարգմանիչներն ու խմբագիրները հանդիսավոր կերպով բեմ բարձրացրին INCERTO շարքի գրքերը։

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն, ով թալեբյան շարքի խմբագիրն է։

Միջոցառման ընթացքում անցկացվեց գրքերի աճուրդ։ Ավարտին՝ ջազ համերգ՝ Վահագն Հայրապետյան տրիոյի կատարմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում