Սեյրան Օհանյանը մոտ ժամանակահատվածում պատերազմի վտանգ չի տեսնում
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, թեև կարծում է, որ պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, սակայն չի կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել: Օհանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:
«ՀՀ իշխանությունների՝ անվտանգության միջավայրի փխրունության աստիճանի գնահատականը դեռևս մենք չունենք, ես նկատի ունեմ նաև այն սպառնալիքները, որոնք կան տարածաշրջանում, հատկապես տարածաշրջանային լայն նկրտում ունեցող երկրների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական, նաև Հարավային Կովկաս ներխուժման հետ կապված բոլոր խնդիրները: Ես գտնում եմ, որ նաև այդ տանդեմի ծավալապաշտությունն է, որ ստիպել է Իրանին իր սահմաններում անվտանգության ապահովման ուղղությամբ զորավարժություններ անցկացնել»,- ասաց Օհանյանը:
Նա շեշտեց՝ Իրանն այն երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դարավոր բարեկամական հարաբերություններ, նաև Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու երկու ուղղություններից մեկն է, հետևաբար ՀՀ-ն պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել՝ տարբեր ոլորտներում, նաև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով:
«Ռեալ գնահատական տալու, պատերազմական գործողությունների սկսման շուրջ եզրակացություններ անելու համար պետք է լիարժեք տիրապետել այն խնդիրներին, որոնք կան Անվտանգության խորհրդում, ՊՆ-ում, ԳՇ-ում: Ես կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում պատերազմ կլինի»,- ասաց Օհանյանը:
Կարծիքներ