Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Նևյան միջազգային բնապահպանական համաժողովին
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ: 2008 թվականից անցկացվող համաժողովը տարիների ընթացքում ձեռք է բերել բարձր հեղինակություն և դարձել բնապահպանության ոլորտի միջազգային մակարդակի ծանրակշիռ հարթակ՝ ընդունված երկրների կառավարությունների, խորհրդարանների, գործարար ու գիտական շրջանակների կողմից։
Համաժողվին մասնակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Տասնյակ երկրների կառավարությունների ու խորհրդարանների բարձրաստիճան պաշտոնյաների,գիտնական-փորձագետների և առաջատար միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կլոր սեղանների ձևաչափով քննարկվել են ջրային ու անտառային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, բնապահպանական կրթությանը և էկոտուրիզմին, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ազգային ռազմավարությունների և նախագծերի ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կլիմայական օրակարգին, կլիմայի նոր քաղաքականությանը, «կանաչ» էներգետիկային, շրջանաձեւ տնտեսության զարգացման ժամանակակից մարտահրավերներին։ Տեղի են ունեցել բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման օրենսդրության կատարելագործման, էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միասնական մոտեցումներին վերաբերող քննարկումներ ու փորձի փոխանակում։
Մայիսի 27-ին կլոր սեղանի շուրջ և մայիսի 28-ին համաժողովի լիագումար նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը շրջակա միջավայրի պահպանության ռազմավարության, բնապահպանական խնդիրների հաղթահարման առաջնահերթությունների, ոլորտի ձեռքբերումների և հետագա գործողությունների վերաբերյալ` նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և դրանց ռացիոնալ օգտագործմանը ՝ սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հավասարակշռման սկզբունքի պահպանությամբ։ Որպես շրջակա միջավայրի կառավարման ուրույն խնդիր` ՀՀ կառավարությունը կարևորում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումը, ինչպես նաև անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը` բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը բացառելու նպատակով: Գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և կառավարման հիմնախնդիրները որպես կայուն զարգացման կարևոր նախապայման, ինչպես նաև համաշխարհային բնապահպանական խնդիրների դեմ պայքարի միջազգային ջանքերում որոշակի ներդրում ունենալու նպատակով` Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է լայնածավալ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Հաշվի առնելով առկա մարտահրավերների վերազգային բնույթը և համաշխարհային մակարդակը՝ Ռոմանոս Պետրոսյանը կոչ է արել երկրներին համատեղել ջանքերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձր մակարդակի այս հարթակն ու լսարանը օգտագործել է ևս մեկ անգամ բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։
Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններին, կիրառված արգելված զինատեսակների հետևանքով առաջացած հումանիտար և բնապահպանական ճգնաժամին։
Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։ Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս են հասցրել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։
Ռոմանոս Պետրոսյանը խոսել է պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիայի և ոտնձգությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Կարծիքներ