«Sinopharm» պատվաստանյութի քանակների անբավարարություն կա. սեղմ ժամկետում ներկրելու բանակցություն է տարվում
Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, նախարարությունը բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու համար:
Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
«Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից՝ արտադրական գործընթացներով»,- հայտնում են ՀՎԿԱԿ-ից:
Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, Հայաստանում առկա է նաև երկիր ժամանող ինքնաթիռային չվերթների սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով:
«Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն Առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են վարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Միաժամանակ, ՀՎԿԱԿ-ից վստահեցնում են, որ երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:
Կարծիքներ