Հադրութից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց

Հադրութից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց

Հադրութից տեղահանված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ իրենց բնակարանային խնդրի լուծման հարցով:

Հադրութցիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 45 օր առաջ հղել էին նամակ, թե ղեկավարությունն ինչ է մտածում Արցախից տեղահանված բնակչության համար, որոնք գտնվում են Հայաստանում: «Մինչև հիմա պատասխան չունենք: Մեր հավաքի նպատակը պարզելն է, թե ինչու պատասխան չեն տալիս և ինչ ծրագրեր, նախագծեր ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ»,-ասաց նա:

Տեղահանված հադրութցիներն ավելի վաղ հանդիպել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Արցախի պետնախարարի, տարածքային կառավարման նախարարների հետ: «Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք են բերվել, բայց առայժմ դեռ հստակ բան չկա»,- ասաց քաղաքացին ու հավելեց՝ շուտով ձմեռ է մոտենում, բնակարանային հարցի լուծման տեղաշարժ իրենք չեն տեսնում:

Նրա խոսքով՝ վերջին երկու մասում սոցվճարներ էլ չեն ստացել:

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Արցախի հյուրատներում, հյուրանոցներում մեծ թվով մարդկանց են բնակեցրել, օրական յուրաքանչյուրին տրամադրվում է 4000-6000 դրամ: «Այսինքն՝ յուրաքանչյուր շնչին ամիսը 150 հազար դրամ գումար են տրամադրում: Այստեղ իմ ընտանիքում 8 հոգի են, 130 հազար դրամ տան վարձ ենք տալիս: Եթե այնտեղ կարողանում են մեկ մարդուն տրամադրել, ապա ի՞նչն է խանգարում, որ դա մեզ այստեղ չեն տրամադրում»,- ասաց նա:

Ըստ քաղաքացու՝ պաշտոնյաները հանդիպմանը խոստացել են, որ Արցախում տներով են ապահովելու իրենց: «Սակայն մենք այսօր չենք տեսնում, որ այնտեղ նույնիսկ բնակարան են սարքում»,- ասաց նա:

Քաղաքացին հիշեցրեց, որ նամակով դիմել էին Ֆրանսիայի դեսպանատուն, հիմա գնալու են, տեսնեն, թե ինչ պատասխան են տալիս, որից հետո շարժվելու են Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: «Բնակվարձերի խնդիր ունենք, գնալու ենք, պահանջելու ենք, որ գոնե այս ամսվա բնակվարձերը տան»,- ասաց նա:

Տեղահանված հադրութցի մի կին էլ նշեց. «Այս պահին ես հետաքրքրվել եմ՝ այնտեղ տուն կարող են գյուղում տրամադրել: Բայց ես գյուղ չեմ գնա, գյուղ, որը ադրբեջանցու սահմանին կպած է: Ստեփանակերտում այս պահին ինչ-որ մեկին տեղավորելու հարցի լուծում չկա, դեռ խոստումներ են տրվում»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք ևս երկու ամիս գումար չեն ստացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում