Ավստրիայի և Սլովակիայի հայ համայնքներն անցկացրել են Արցախի դեմ ագրեսիան դատապարտող ցույցեր
Վիեննայում և Բրատիսլավայում հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիան և նրանց կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը դատապարտող բողոքի ցույցեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վիեննայի կենտրոնում Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական վարչության և Ավստրիայում գործող հայկական միությունների կողմից կազմակերպված ցույցին մասնակցել են շուրջ 1000 հայեր՝ ներառյալ Ավստրիայի դաշնային երկրամասերից։
Վիեննայում ցույցը մեկնարկել է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց, այնուհետև ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Ավստրիայի դաշնային նախագահի նստավայր։ Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և հանդես եկել կոչերով՝ Ավստրիայի պետական իշխանությունների, միջազգային կառույցների, քաղաքացիների, զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության վրա և կոչ անելով Արցախի հանրապետությունն անհապաղ ճանաչել։ Պաստառներ էին բարձրացվել «Ոչ պատերազմին», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Մենք կառուցում են, դուք ոչնչացնում եք», «Կանգնեցրեք բռնապետերին» և այլ կոչերով։
Կարծիքներ