Հիմա դու հավերժ զինվոր ես, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող
Էլեն Մարտիրոսյանը ինստագրամյան իր էջում գրել է․
«Առաջ ես միայն քոնն էի, դու՝ միայն իմը: Հիմա մենք երկուսով բոլորինն ենք: Դու դարձել ես հերոս, ես՝ հերոսի աղջիկ: Դու՝ հրեշտակ, իսկ ես՝ քո վկան Երկրի երեսին: Դու՝ հավերժ զինվոր, իսկ ես՝ հավերժ զինվորի սպասող: Դու՝ հայրենիք, իսկ ես՝ հայրենապաշտ:
Մենք չենք բաժանվել իրարից: Դու իմ սրտում ես ու միշտ կլինես: Մի քանի տարում մի կյանքից առավել ես ինձ նվիրել, իսկ հիմա հենց քո կյանքն ես նվիրել, բայց ոչ միայն ինձ, այլ ամբողջ ազգիս:
Դու միշտ ասում էիր. «Շատերին շատ ենք»... Ճիշտ էիր, Շա՜նթս: Այնքան շա՜տ էինք, որ աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնին, ու գնացիր քո սիրած «Դեպի վերև»-ը, որ մեր երկնային սերը պատի ողջ աշխարհին:
4 տարի 9 ամիս ամեն օր միմյանց ասել ենք «բարի լույս» և «բարի գիշեր» , իսկ վերջում՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՐԱՐ ՀԵՏ ՄԻՇՏ:
Հավերժ իմ սեր»։
Կարծիքներ